«Իշխանությունները շփոթել են լրագրողներին Սենդվիչ Տոմաների հետ»...
2016-03-20 22:08:00

  Ընտրական օրենսգրքի նախագիծը շարունակում է լայն քննարկումների թեմա հանդիսանալ: Լրագրողներին, իրավապաշտպաններին և այլ շահագրգիռ կողմերին մտահոգում է նախագծի այն դրույթը, որով սահմանափակվում է ընտրատեղամասում ԶԼՄ-ների ներկայացուցիչների և դիտորդների քանակը:

Past.am-ը զրուցել է մի քանի լրագրողների հետ՝ փորձելով պարզել նրանց տեսակետն այս հարցի շուրջ: Լրագրող Փայլակ Ֆահրադյանը կարծում է, որ այս կերպ իշխանությունները պարզապես չեզոքացնում են իրենց անցանկալի լրատվամիջոցներին և լրագրողներին:

Ըստ նրա՝ բացատրությունը, թե այս կերպ պայքարում են ընտրատեղամասերում կուտակումների և «ֆեյք» լրագրողների դեմ, անընդունելի է, որովհետև նույն այդ «ֆեյք» լրագրողներին շատ հաճախ իշխանություններն են մի քանի օրվա ընթացքում ստեղծում:

«Լրագրողներն արջի ծառայություն մատուցողներ չեն, իշխանությունները երևի շփոթել են նրանց Սեդվիչ Տոմաների հետ, որոնց հաստատ լրագրողները չեն գործուղում ընտրատեղամաս»,- հավելեց Փայլակ Ֆահրադյանը:

Մեր զրուցակիցն անիմաստ է համարում լրագրողների մասնակցությունը պաշտոնյաների կազմակերպած քննարկումներին՝ նշելով հետևյալը. «Ես անիմաստ եմ այն համարում: Սա իմ անձնական տեսակետն է: Ինչո՞ւ ընտրական օրենսգիրքը մշակելիս հաշվի չառան լրագրողների տեսակետները, որ հիմա են կանչում քննարկման: Ես ինքս էլ այս ընթացքում թեմայի վերաբերյալ բազմաթիվ լրագրողների տեսակետներ եմ լսել, դրույթը պետք է հանել և վերջ: Գնանք, որ ինչ անենք»:

Shabat.am կայքի գլխավոր խմբագիր Տաթև Այվազյանը նշեց. «Կարծում եմ, որ այդ դրույթը միտում ունի խոչընդոտել լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, հետևաբար, ես համաձայն եմ այն լրագրողների հետ, ովքեր պահանջում են, որպեսզի դրույթը չեղարկվի: Եվ քանի որ վստահ չեմ, որ այդ հարցի քննարկումը իշխանության ներկայացուցիչների հետ որևէ արդյունավետ լուծում կտա, հետևաբար, կարևորում եմ լրագրողական համայնքի միասնականությունը այդ հարցի շուրջ»:

Մյուս կողմից, ըստ Այվազյանի, չի կարելի բացառել նաև, որ այս դրույթն արհեստականորեն է մտցվել, որպեսզի հետո փորձ արվի ցույց տալ, թե ամեն ինչ պարզ է ու թափանցիկ, ինչպես նաև ապացուցվի այն միտքը, թե իշխանությունը բաց է յուրաքանչյուր քննարկման համար: «Այսինքն, որոշակի զիջումների գնալով, իշխանությունը մեկ միավոր կունենա իր օգտին ու ազատ քննարկումների ֆոն կապահովի»,- ավելացրեց խմբագիրը:

Ա1+-ի լրագրող Նարինե Իրիցյանի խոսքով՝ ԸՕ նոր նախագծում լրագրողների և դիտորդների մասին դրույթի առկայությունն առնվազն անհեթեթություն է, իսկ պաշտոնյաների փաստարկները, մեղմ ասած, անհամոզիչ: Ըստ նրա՝ նախագծի հեղինակների միտումները, մտադրությունների ենթատեքստն ավելի, քան թափանցիկ է. այս դրույթով փորձ է արվելու ծածկադմփոց անել ընտրությունների օրը իշխանությունների կողմից ավանդական դարձած կեղծիքները՝ լրագրողներին հեռու պահելով աղմկահարույց ընտրատեղամասերից:

Նարինե Իրիցյանն ընդգծում է՝ երբևիցե լրագրողների մեծաքանակ կուտակումներ չեն եղել ընտրատեղամասերում՝ բացառությամբ պաշտոնյաների այցի ժամանակ: Ինչ վերաբերում է արդարադատության նախարարի մտահոգություններին, այսպես կոչված, ԶԼՄ-ների ֆեյք ներկայացուցիչների մասով, Իրիցյանն ասաց, որ այդ մտահոգությունները պետք է ուղղվեն իշխանությունների կողմից ներդրված ԶԼՄ ներկայացուցիչներին, որոնց դաշտում գործող լրագրողներն առաջին անգամ են տեսնում ընտրությունների օրը: «Ես վստահ եմ, որ ընտրությունների օրը դաշտում ակտիվ գործող լրագրողներս խոչընդոտներ ենք ունենալու լուսաբանման առումով, քանի որ ընտրատեղամասերում իշխանությունները առավոտից կներդնեն իրենց դիտորդներին ու «ֆեյք» լրագրողներին, որոնց «շնորհիվ» ընտրությունները կճանաչվեն «արդար» և «թափանցիկ»:

Պաշտոնյաների, մասնավորապես արդարադատության նախարարի հետ լրագրողների հանդիպումը յուրաքանչյուր լրագրողի ընտրությունն է, թեև քաղաքական, ընտրական հարցեր լուսաբանող լրագրողների մեծ մասը դեմ է եղել հանդիպմանն ու այդ մասին եղել է հրապարակային հայտարարություն»,- նշեց Նարինե Իրիցյանը:

Լևոն Փանոսյան

 
Այս նյութը դիտել են - 1991 անգամ