Մարդիկ, ովքեր 2008-ին կատաղի պայքար էին մղում Սերժ Սարգսյանի դեմ, այսօր դարձել են նրա բացահայտ կամ քողարկված հենարանը ...
Հայտնի է, որ ենիչերիները ձևավորվում էին ռազմագերիներից: Նաև՝ նվաճվող տարածքների պատանիներից, որոնց վաղ հասակում խլում էին ծնողներից և օգտագործում նույն այն ազգերի ու երկրների դեմ, որոնցից էին հանդիսանում ենիչերի դարձածները:
Հայաստանյան քաղաքական դաշտում էլ է նույն բանը նկատվում: Կիրառվում է ենիչերիական տեխնոլոգիան. հակառակ ճամբարից «ռազմագերի»են վերցնում կամ էլ «երեխային» զոռով խլում են հանրությունից, որպեսզի դրանց դարձնեն խլողի հենարան և օգտագործեն հանրության ու ենիչերի սարքողի հակառակորդների դեմ:
Մարդիկ, ովքեր, օրինակ, 2008-ին կատաղի պայքար էին մղում Սերժ Սարգսյանի դեմ, այսօր դարձել են նրա բացահայտ կամ քողարկված հենարանը և կռիվ են տալիս այն հանրության դեմ, որի պաշտպանն էին ներկայանում ոչ վաղ անցյալում:
Նիկոլ Փաշինյան, Ալեքսանդր Արզումանյան, Աղասի Ենոքյան, Արման Բաբաջանյան, Հայկազն Ղահրիյան, Անդրանիկ Քոչարյան, Ստեփան Սաֆարյան, Արամ Սարգսյան, Սասուն Միքայելյան և այլն: Սրանք բոլորը երբեմնի «թունդ ընդդիմադիրներն» էին և մարտի 1-ի դեպքերի ժամանակ գտնվում էին Սարգսյանին հակադրվող ճամբարում՝ բարիկադի մյուս կողմում: Այժմ էլ հանդիսանում են նոմինալ ընդդիմադիրներ՝ պահպանելով այս կամ այն դոզայի ընդդիմադիր հռետորաբանություն, բայց բոլորը միասին ծառայում են ՀՀԿ ղեկավարին:
Սրանց հիմա թույլատրված է քննադատել Սերժ Սարգսյանին, բայց գլխավոր ֆունկցիան նրա բոլոր իրական ընդդիմախոսների դեմ կռիվ տալն ու ՀՀԿ ղեկավարի թիկունքը պահելն է, այսինքն՝ այն հանրության դեմ դուրս գալը, որի «զավակներն» են եղել մի ժամանակ: Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական «ենիչերիություն»:
Սույն անձանց «երկխոսացրեցին» ու հաճախորդացրեցին: Ու հիմա բաց են թողել Վարդան Օսկանյանի դեմ: Դրանից վերջինս, անշո՛ւշտ, չի տուժում, բայց երևույթը նողկալի է:
Կորյուն Մանուկյան
Այս նյութը դիտել են - 1498 անգամ