Ռուսաստանի դատարանը մեղավոր է ճանաչել ուկրաինացի օդաչու, զինված ուժերի սպա Նադյա Սավչենկոյին, որը Լուգանսկի զինյալների կողմից ձերբակալվել էր 2014-ի հուլիսին, այնուհետեւ՝մեղադրող կողմի համաձայն՝ ազատ արձակվել եւ կրկին ձերբակալվել արդեն Ռուսաստանի տարածքում: Պաշտպանական կողմի պնդմամբ, Լուգանսկում զինյալների կողմից ձերբակալվելուց հետո Սավչենկոն ապօրինի կերպով Ռուսաստան էր տեղափոխվել:
Ռուսաստանի դատարանը Նադյա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել լրագրողներ Իգոր Կորնելյուկի եւ Անտոն Վոլոշինի սպանության մեջ.
«Որոշակի սոցիալական խմբի նկատմամբ ատելությամբ դրդված՝ Սավչենկոն սպանել է Վոլոշինին եւ Կորնելյուկին, միտումնավոր մահ պատճառելով երկու անձանց», ՝ , - հայտարարել է դատարանը:
Մեղադրանքի համաձայն, Սավչենկոն, որը մասնակցում էր հակաահաբեկչական գործողություններին, կրակը ուղղել է մի խմբի դեմ, որի կազմում գտնվելիս են եղել նաեւ լրագրողները: Իրականում, գործին կցված բազմաթիվ ապացույցներ վկայում են, որ առաջին հերթին, Սավչենկոն ձերբակալվել եւ հարցաքննվել էր Լուգանսկում լրագրողների սպանությունից մեկ ժամ առաջ, ինչի մասին է վկայում տեսաձայնագրության պահին արեւի դիրքը: Այնպես որ, նա ֆիզիկապես չեր կարող ուղղորդել կրակը: Այդ մասին են վկայում նաեւ այդ ժամերին Նադյա Սավչենկոյի բջջային հեռախոսների աշխարհագրական տեղակայման տվյալները:
Ուկրաինայում, որտեղ Նադյա Սավչենկոն դարձել է ազատության խորհրդանիշ, քաղաքացիները շարունակում են պահանջել նրա ազատությունը։ Նրանցից մեկն է Միրոն Սենջուկը.
«Նա անարդար է դատապարտվել, քաղաքական նկատառումներից ելնելով: Չեմ սպասում որեւէ դրական բան դատարանից, սակայն, վճիռը հրապարակվելուց հետո հույս ունեմ նրան բաց կթողնեն»:
Ինչ վերաբերում է Սավչենկոյի տեղափոխմանը Ռուսաստան, ապա ըստ ռուս դատախազի, Լուգանսկի զինյալները, չնայած կասկածում էին Սավչենկոյին մարդկանց խոշտանգելու մեջ, նրան ազատ են արձակել: Դրանից հետո Նադյա Սավչենկոն ոչ թե Ուկրաինա է վերադարձել, այլ մեկնել է Ռուսաստան, որտեղ շրջագայել է Ուկրաինայի զինված ուժերի սպայի համազգեստով, որի պատճառով էլ իբր ձերբակալվել է:
Ռուսաստանում կան մարդիկ, ովքեր հավատում են մեղադրանքին, նշելով, որ նույնիսկ եթե Սավչենկոն չի մասնակցել լրագրողների եւ այլ զինյալների ռմբակոծման ընթացքում կրակի ուղղմանը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել, նա միեւնույն է մեղավոր է: Ալեքսանդրը, ով Լուգանսկի զինյալներից է, ավելի կարծր դիրքորոշում ունի։
«Եթե ուզում եք կարծիքս իմանալ, ապա ես, Լուգանսկի հանրապետության զինյալ լինելով, կարծում եմ, որ նրան պետք է գնդակահարել, որովհետեւ այնքան շատ մարդ է զոհվել, երեխաներ, զինյալներ: Կարծում եմ, նրան պետք է գնդակահարել»:
Հիշեցնենք, որ միջազգային հանրությունը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջում է վերջ տալ Ուկրաինայի սպայի «անօրեն դատավարությանը» եւ Սավչենկոյին ազատ արձակել: Մարտի 16-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ յոթնյակի առաջնորդները հայտարարել են, որ Պուտինը, Մինսկի համաձայնագրի պահանջներից ելնելով, պետք է ազատ արձակի Նադյա Սավչենկոյին: Ինքը՝ Սավչենկոն հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում Ռուսաստանի դատարանի վճիռը, քանի որ այն ապօրինի է: Վերլուծաբանների կարծիքով, անկախ դատավճռից, մեծ է հնարավորությունը, որ Ռուսաստանի իշխանությունները Նադյա Սավչենկոյին Ուկրաինա վերադարձնեն:
Այս նյութը դիտել են - 1312 անգամ