Եվրոպայի սուգը և ողբերգության պատճառները չհասկանալը...
2016-03-22 14:28:00

 

Օսկան Քոչարյան

Եվրոպան սգում է, Եվրոպան վշտի մեջ է։ Պայթյունների շարքը Բրյուսելում եվրոպացիների մեջ արթնացրել է կարեկցանքի զգացումը և մարդկային կյանքի արժեքավորության գիտակցումը։ Ահաբեկչությունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը», թեև ավելի տեղեկացված աղբյուրները, օրինակ՝ բանդերական ռեժիմի ԿԳԲ ղեկավար պրն Գրիցակը, պայթյունների կազմակերպման մեջ ուղղակիորեն մեղադրել է Ռուսաստանին։ Ի պատասխան՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նրան տխմար է անվանել։ «ՈւԱԾ պետ Գրիցակը, որը հայտարարել է, թե Ռուսաստանը հանցակից է Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններին, տխմար է»,- գրել է Մեդվեդևը Facebook-ի իր էջում։


Ողբերգության առաջին իսկ րոպեներից քաջարի բելգիացիներն անասելի խիզախություն և օպերատիվություն ցուցաբերեցին՝ անմիջապես մայրաքաղաքից տարհանելով թագավորական զույգին։ Մի քանի ռումբի պատճառով մայրաքաղաքը լքում է պետության ղեկավարը։ Թերևս, բելգիացիները դեռ չգիտեն, որ կարելի է մայրաքաղաքում ապրել նաև պատերազմի պարագայում, ինչպես, օրինակ, Իոսիֆ Ստալինը, որը Կրեմլից դուրս չէր գալիս 1941թ. աշնանը, երբ հիտլերյան դիվիզիաները կանգնած էին Մոսկվայի մատույցներում։ Բայց սա չէ սույն գրառման թեման։ Բելգիական ողբերգության առնչությամբ կուզենայի մի քանի նկատառումներ հայտնել։


Նախ՝ միանգամայն տարօրինակ է, որ ահաբեկչությունները Եվրոպայում այնքան էլ հաճախ տեղի չեն ունենում։ Չէ՞ որ այսօր աշխարհամասը լցված է հազարավոր պոտենցիալ ահաբեկիչներով կամ ահաբեկչության պատրաստ անձանցով, ովքեր ունեն ռացիոնալ մտածողություն և կարող են հասկանալ իրենց անձնական ողբերգության նախապատճառը։ Իսկ ո՞րն է այդ նախապատճառը։ Հիշենք «արաբական գարնան» ամենասկիզբը, հիշենք Սարկոզիի և Քեմերոնի՝ Քադաֆիի վերջը տալու տենդագին ջանքերը (հասկանալի է՝ Վաշինգտոնի հանձնարարությամբ), տեսնենք, թե ինչի են վերածվել Լիբիան և Իրաքը բացառապես արևմտյան միջամտության շնորհիվ։ Հանրահայտ է, որ Սադամի և Քադաֆիի պետություններում մարդիկ չգիտեին, թե ինչ է մանկական պարսատիկը։

Եվ ինչի՞ են վերածվել նրանք այսօր։ Երկու ականավոր առաջնորդ տապալվել և գազանաբար սպանվել են անգլոսաքսական ոճով, զոհերի ճշգրիտ թիվը Լիբիայում, Իրաքում և Սիրիայում այսօր ոչ ոք չի ասի։ Ավելի քան 10 միլիոն մարդ հարկադրյալ տեղահանված է դարձել, նրանց զգալի մասը լցվել է Եվրոպա։ Միայն վերջերս եվրոպացիները հասկացան վերահաս աղետի մասշտաբները, բայց արդեն ուշ էր։ Եվրոպական հողում ապաստան գտածներին այլևս դուրս չես քշի այնտեղից, իսկ թե ինչպես նրանք իրենց կպահեն այնտեղ՝ մեծ հարց է։ Եվ ինչո՞ւ բոլոր նրանցից այսօր պահանջել միայն երախտագիտություն և հարգալից վերաբերմունք եվրոպացիների հանդեպ, մանավանդ որ նրանցից ոմանք շատ էլ ճիշտ են հասկանում իրենց ողբերգության պատճառը և կարող են նշել կոնկրետ մեղավորներին։


Երկրորդ՝ կուզենայի ասել, որ Բելգիան և բելգիացիները, այնուամենայնիվ, մերձավորարևելյան դրամայում բնավ էլ առաջին դերը չեն կատարել, բայց այսօր տառապում են հենց նրանք։ Հավանաբար, այն պատճառով, որ հենց Բրյուսելն է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի մայրաքաղաքը։ Ցավոք, անգամ ահաբեկչության աշխարհում արդարություն չկա, ինչպեսև, ի դեպ, մնացած բոլոր բաներում, այլապես հարվածի տակ կընկներ Լոնդոնը։ Բայց մենք չենք որոշողը, թե որտեղ, ինչ և ում պայթեցնել, այնպես որ՝ համակերպվենք ահաբեկչությունների հետևանքներին, որտեղ էլ որ դրանք իրականացվեն։


Երրորդ՝ արժե մի երկու խոսքով անդրադառնալ եվրոպացիների եսակենտրոնությանը։ Ընդամենը 30 զոհ՝ և համընդհանուր ողբերգություն։ Սինյորա Մոգերինին այսօր լալիս էր ուղիղ եթերում, բայց սպարտացու սառնարյունություն էր պահպանում հարյուր հազարավոր սիրիացիների, իրաքցի և լիբիացի քաղաքացիների սպանությունների ժամանակ։ Իսկ նրա գործընկեր Հիլարի Քլինթոնը, պետքարտուղար եղած ժամանակ, հրեշավոր օրգազմ էր ապրում՝ նայելով, թե ինչպես են սպանում Լիբիայի առաջնորդին։ Եվ այդ կադրերը, որոնք վկայում են արևմտյան առաջնորդների մեջ մարդկայնության համատարած բացակայության մասին, ոչ ոք չի մոռանա։ Երբևէ՝ ապագայում, երբ արևմտյան քաղաքակրթությունը պատմության աղբաման նետվի, գրգռված Հիլարի Քլինթոնին պատկերող ցնցող տեսարանը, որը վայրի և հրճվալից հետաքրքրասիրությամբ վայելում էր ինքնիշխան երկրի առաջնորդի կյանքի վերջին րոպեների տեսագրությունը, գոռալով` «մենք եկանք, մենք տեսանք` նա չկա», կդառնա թանգարանների նմուշ, և ապագա սերունդները նրանով կարծիք կկազմեն անգլոսաքսերի և առհասարակ ամբողջ արևմտյան քաղաքակրթության «հումանիզմի» մասին, այնպես, ինչպես այսօր հնարավորություն ունենք ճանաչելու հիտլերյան «հումանիզմի» հրապույրները։


Չորրորդ՝ պետք է կարեկցել բելգիացիներին, ինչպեսև ահաբեկչության և արևմտյան աշխարհաքաղաքականության մյուս հետևանքների բոլոր անմեղ զոհերին։ Բայց ամենագլխավորը ահաբեկչության պատճառը և ակունքները հասկանալն ու գիտակցելն է, իսկ դրա համար անհրաժեշտ է ազատվել ամերիկյան լծից։ Առանց դրա եվրոպացիների կյանքը կսուզվի մղձավանջային խավարի մեջ։

shame.am

Այս նյութը դիտել են - 1444 անգամ