Այսօր Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հանդիպել էր մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ոչ այն է զրուցելու, ոչ այն է իրեն ցուցադրելու համար: Սկսեց պոպուլիստական մտքերից: Ասաց, թե իր դուռը ցանկացած ժամի ու ցանկացած պահի բաց է ցանկացած լրատվամիջոցի համար: Ասաց, որ կողմ է քննադատությանը, քանի որ այն պաշտոնյային զգաստ է պահում: Իսկ հետո, երբ խոսք բացվեց քաղաքի անօթևանների ու ժամանակավոր տնակների մասին, Սիմոնյանը հանկարծ կորցրեց զգաստությունը և ներկաներին տեղեկացրեց, թե ինքը ևս ապրում է «դոմիկում»:
Աշխարհի ամենաաղքատ ու անտուն մարզպետը կարող է նաև հանրության խղճահարությունը հարուցել: Շատ ծանր է պատկերացնել, որ Հայաստանի խոշոր մարզերից մեկի ղեկավարը իր գլխավերևում ամուր տանիք չունի: Եվ քանի որ այս օրերին լայն թափով ընթանում է դրամահավաք գյումրեցիների համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով, ապա Շիրակի մարզպետի անունը նույնպես կարելի է ընդգրկել այդ ցուցակներում: Ընդ որում, նրան անունը կարելի է առաջ մղել՝ հաշվի առնելով վերջինիս աշխատանքի կարևորությունը: «Դոմիկում» ապրող պաշտոնյան մեր հասարակության մեջ, մեղմ ասած, հարգանք չունի:
Հետգրություն
Քիչ առաջ պարզեցինք, որ իրոք մարզպետ Սիմոնյանն ապրում է «դոմիկում»: Սակայն այդ «դոմիկն» արդեն վաղուց «դոմիկ» չէ. այն քարապատ երկհարկանի շինություն է, որն այնքանով է «դոմիկ», որքանով Դաշնակցությունը` քաղաքական կուսակցություն: