Վովա Գասպարյանի հրամանով աշխատանքից խայտառակ ձևով հեռացված միլպետը կնշանակվի Երևան քաղաքի վարչության պետ.
2016-03-22 15:29:00

  

Զարմանո՞ւմ եք, հարգելի ընթերցող: Զարմանալու ոչինչ չկա, սովորական «ընթացակարգ» է: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտնի ելույթից առաջ, ինչպես գիտեք, աշխատանքից ազատել էին ոստիկանության Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի մարզային բաժնի պետերը: Իր ելույթում ոստիկանապետը նրանց անվանեց դավաճան, տականք, կրիմինալ աշխարհի հետ կապ ունեցող ու այդ կրիմինալին գաղտնի լուր հաղորդող տարրեր:

Նախ՝ նրա հայտարարությունների մեջ քրեական մեղադրանքներ կան այդ պաշտոնյաների նկատմամբ, բայց ոչ մի քրեական գործ չհարուցվեց: Սա դեռ ոչինչ: Վովա Գասպարյանի ելույթը գրոշ չարժի, եթե նրանք պարզապես հեռացվել են աշխատանքից, բայց չեն հեռացվել համակարգից: Մի հարմար պահի այդպիսի ծանր հանցանքի մեջ մեղադրվող գնդապետները մի հարմար գործի կանցնեն:

Օրինակ. մեզ հասած տեղեկությունների համաձայն` աշխատանքից հեռացված ոստիկանության Կոտայքի մարզային բաժնի պետ, գնդապետ Սերոբ Հարությունյանը հզոր հովանավորներ ունի: Նրանք խիստ վրդովվել են, որ Վ.Գասպարյանը խայտառակ ձևով գործից հեռացրել է Սերոբին:

Ու հիմա Սերոբի շրջապատում խոսում են, թե՝ ոչինչ, Վովայի ինադու շուտով Սերոբ Հարությունյանը կնշանակվի Երևան քաղաքի վարչության պետ: Այսինքն` առաջ կքաշվի:

Սերոբ Հարությունյանը աշխատանքային սրընթաց կարիերան սկսել է Ազգային անվտանգության ծառայությունում:

Հետո եղել է ԱԱԾ գծով Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ: Հետո կտրուկ «անցում է կատարել» դեպի ոստիկանություն, եղել է օդանավակայանի, Կենտրոնի ոստիկանապետ, այնուհետև նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզային բաժնի պետ:

Հիմա թե ո՞ր ուժային կառույցի կողմից կնշանակվի Երևան քաղաքի վարչության պետ՝ կարևոր չէ: Կարևորն այն է, որ Սերոբ Հարությունյանի աշխատանքից ազատումը շուտով կարող է դառնալ ընդամենը «տրամպլին»՝ նոր, ավելի բարձր պաշտոն ստանալու համար:

Կարևորը Վովա Գասպարյանի ճռճռան ելույթը չէ, որին չհաջորդեց համակարգից  հեռացումը:

Կարևորը լավ «կռիշն» է...

nyut.am

Այս նյութը դիտել են - 1543 անգամ