ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի գլխավոր հավակնորդ Դոնալդ Թրամփը, դատապարտելով Բելգիայում իրականացված ահաբեկչական հարձակումները, կրկնել է ԱՄՆ-ի տարածք մահմեդական փախստականների մուտքը ժամանակավորապես դադարեցնելու իր կոչը։ Նա մեկ անգամ եւս հայտարարել է, թե մահմեդականներն ԱՄՆ-ում չեն ասիմիլացվում, իսկ շատերը, ովքեր ունեն տեղեկություններ ահաբեկիչների մասին, այն գաղտնի են պահում։
Վերջին երկու օրերի ընթացքում արտասանած իր ելույթներում հանրապետականների առաջատար հավակնորդը հիմնականում կենտրոնանում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա ու փորձում ապացուցել, որ եկել է աշխարհի խնդիրների լուծումն իր ուսերին վերցնելու ԱՄՆ-ի քաղաքականությունն ավարտին հասցնելու ժամանակը։
Թրամփը հայտարարում է, թե ինքը պաշտպանում է աշխարհում ԱՄՆ-ի կողմից, մեջբերում եմ, թույլ ոտնահետք թողնելու հնարավորությունը, սակայն, ասում է նա, չնայած աշխարհի շատ հատվածներում, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում անհանգիստ իրավիճակներին, ԱՄՆ-ը ավելի շատ պիտի նայի իր ներսի խնդիրներին ու կենտրոնանա դրա՛նք լուծելու վրա։
՝՝Այսօր Ամերիկան այլ է։ Այսօր մենք ունենք 19 տրիլիոն դոլարի պարտք ու կարծես նստած լինենք փուչիկի վրա։ Ու եթե այդ փուչիկը մի օր պայթի, շատ տհաճ իրավիճակ առաջ կգա։ Ուզում եմ ասել, որ հարկավոր է սկսել այս երկրի վերակառուցումը՛՛։
VOAnews-ի փոխանցմամբ, Թրամփն ասում է, թե Ամերիկան այդ երկրում կառուցում է դպրոցներ, որոնք հետո պայթեցվում են։
՝՝Մենք երեք անգամ նույն դպրոցը կառուցել ենք Իրաքում ու երեք անգամ այն պայթեցրել են, այն դեպքում, երբ չունենք Բրուքլինում դպրոց կառուցելու համար գումարներ։ Իսկ ե՞րբ է գալու ինքներս մեր մասին մտածելու ժամանակը՛՛, հրապարակային հարց է տվել Թրամփը։
Թրամփն անդրադարձել է նաեւ Ուկրաինայի խնդրին, ու նշել, որ այն ԱՄՆ-ի համար ավելի քիչ ազդեցություն ունի, քան՝ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների։
՝՝Սակայն, չգիտես ինչու, ամբողջ բեռը մենք ենք վերցնում մեզ վրա։ Ուրեմն ինչո՞ւ, այն երկրները, որոնք ավելի մոտ են Ուկրաինային, չեն ուզում խնդրի լուծումը վերցնել իրենց վրա՛՛։
Թրամփը նման կերպ է արտահայտվում նաեւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, մասնավորապես Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին։
Չինաստանը համարելով աշխարհաքաղաքական լուրջ մրցակից՝ Թրամփը հորդորում է, որ ԱՄՆ-ը կարծրացնի առեւտրային իր դաշինքը։ Առանց ԱՄՆ-ի փողերի, Չինաստանում այսօր չէին լինի այդ բոլոր օդանավակայաններու երկաթուղիները, ասում է նա։
Նրա խոսքերով, ՝՝Նյու Յուրքում Ջորջ Վաշինգտոնի անվան կամուրջը խաղալիք է չինական կամուրջների կողքին՛՛։
Հիշեցնենք, որ Թրամփը մրցակից Թեդ Քրուզից առաջ է 16 միավորով։ Նրան աջակցում է ընտրողների 47 տոկոսը, Քրուզին՝ 31, Քասիկին՝ 17։ Այժմ նրա մրցակիցների նպատակն է անել հնարավորը, որպեսզի Թրամփի միավորները չհասնեն 1237-ի, քանի որ այս թվով պատվիրակներ են հարկավոր այս կուսակցությունից նախագահական թեկնածու գրանցվելու համար։
Այս նյութը դիտել են - 2306 անգամ