Բրյուսելում ստեղծվել են փոխօգնության ցանցեր. մարդիկ, այդ թվում՝ հայ համայնքի ներկայացուցիչները, սոցիալական ցանցերում բացված հարթակներում ակտիվ հաղորդակցվելով, օգնության են հասնում միմյանց, ավտոմեքենա ունցողները մեքենայով հասնում ու տեղափոխում են մեքենա չունեցողնրին:
Այս մասին Բրյուսելից Արմենպրես»-ին պատմեց հայ համայնքի ներկայացուցիչ Մարինե Ստեփանյանը՝ մանրամասնելով, որ հասարակական տրանսպորտի չգործելու պատճառով մարդիկ տեղաշարժման խնդիրներ ունեն և սոցիալական ցանցերում ստեղծված խմբերում հայտնում են իրենց գտնվելու վայրը. նրանց օգնության են հասնում այն մարդիկ, ովքեր ունեն մեքենաներ և տեղաշարժվելու են միևնույն ուղղությամբ:
Նա նշեց, որ տեղեկություններ ունեն բոլոր այն հայ ընտանիքներից, ում ճանաչել են Բելգիայում գտնվելու մի քանի տարիների ընթացքում: «Օրվա ընթացքում բոլորը կապ են հաստատել միմյանց հետ ու հՍ վաստիացել, որ ամեն ինչ կարգին է: Անգամ կարողացել են միմյանց օգնել ավագ դասարաններում սովորող իրենց երեխաներին դպրոցներից տուն տեղափոխելու հարցում:
Կրտսեր դասարանցիներին և մանկապարտեզների սաներին ծնողները կարողացել են վերցնել միայն անձը հաստատող փաստաթղթերով, սակայն ավագ դպրոցներից երեխաներին տեղափոխելու հարցում աշխատել է փոխօգնության սկզբունքը. ծնողներից մեկը դպրոցից վերցրել ու իր մոտ է պահել մի քանի երեխաների մինչև ծնողները կարողացել են ազատվել աշխատանքից և տանել իրենց երեխաներին»,- պատմեց Մարինե Ստեփանյանը:
Դպրոցներում երեխաներին ուտելիք են բաժանել, քանի որ թույլ չեն տվել նրանց դուրս գալ ոչ մի դասամիջոցի: Ամեն դեպքում, Ստեփանյանի փոխանցմամբ, հայկական համայնքում, չնայած իրավիճակից բխող վախի զգացմանը, երկրում հայտարարված եռօրյա սգին, տխրությանն ու ափսոսանքի զգացմանը, խուճապ չկա:
Մարդիկ գիտեն, որ հաջորդ օրերին կյանքը պետք է շարունակվի բնականոն հունով, գործելու են դպրոցներն ու մանկապարտեզները: Հայկական համայնքը պատրաստ է, որպես Բելգիայի օրինավոր քաղաքացիներ, ցուցաբերել միասնականություն պահպանել հանդարտություն ու լայնախոհություն:
Այս նյութը դիտել են - 1344 անգամ