Ներկայացնելով պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանին` Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե հարկային մարմինների արդյունավետ աշխատանքը Հայաստանի համար ազգային անվտանգության հարց է:
Եվ եթե ընդունենք Սերժ Սարգսյանի այս վիճահարույց գնահատականը, ապա կպարզվի, որ Հայաստանի ազգային անվտանգությունը վտանգված է: Բանն այն է, որ Հովհաննես Հովսեփյանի նշանակումից հետո Պեկ համակարգում իսկական քաոս է ստեղծվել: Ինչպես արդեն մամուլը տեղեկացրել է, դադարեցվել է «կարգոների»` մեծաքանակ ապրանքներ ներմուծող եւ մաքսազերծող ընկերությունների աշխատանքը, ինչը նշանակում է, որ առաջիկայում հնարավոր է ներմուծվող որոշ ապրանքատեսակների դեֆիցիտ:
Նկատենք, որ առանց այդ էլ հազիվ ծայրը ծայրին հասցնող մանրածախ առեւտրով զբաղվող ձեռներեցների համար սա լուրջ հարված է, քանի որ նրանք «կարգոների» գործունեության դադարեցման արդյունքում ստիպված են լինելու իրենց ապրանքը մաքսազերծել ոչ թե քաշով, ինչպես նախկինում, այլ հատով` վճարելով չափազանց բարձր մաքսատուրքեր:
ArmLur.am-ը ծառացող խնդրի շուրջ հարցախույզ անցկացրեց Երևանի «Մալաթիա» և «Հրազդան» տոնավաճառներում: Իրավիճակն առավել քան ողբերգական էր: Նախ, «Հրազդան» տոնավաճառում առևտրականները իրենց տեսականին մոտ մեկ տարի, շատերն, անգամ, երկու տարի առաջ են թարմացրել: Եվ այստեղ խոսել ստեղծված պարագայում առևտրականների հուսահատության մասին, ավելորդ է, քանի որ նրանց հուսահատությունն այլ ակունքներից է գալիս:
Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան