ՀՀԿ-ն ցայտոտնի մեջ է. Նիկոլին ջախջախելու համար Հրազդան են գործուղել Աշոտյանին..2016-03-23 18:56:00
Հանրապետական կուսակցությունը սկսել է լուրջ վտանգ զգալ Հրազդան քաղաքում ստեղծված նախընտրական զարգացումներից: Գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի «ապագայի» համար խիստ մտահոգ ՀՀԿ-ն Հրազդանում ընտրությունների պատասխանատու է կարգել Կրթության եւ գիտության նախկին նախարար, այժմ իրեն լրագրությանն, երգարվեստին ու ՀՀԿ-ին նվիրած Արմեն Աշոտյանին:
Պարզից էլ պարզ է, որ խնդիրը ոչ այնքան Արամ Դանիելյանն, որքան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին «ջախջախելը»:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունների համար «դիսկոմֆորտ» է ստեղծել Հրազդանում, այցելել է դպրոցներ` գործող քաղաքապետի օգտին ցուցակներ կազմելու ահազանգի հետքերով, այդ խնդրով դիմել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին, ով խոստացել է պատժել օրինախախտ տնօրեններին:
Արամ Դանիելյանի թիմն էլ տեսանկարահանել է Սասուն Միքայելյանի շտաբի ղեկավարի այցելությունները դպրոցները, հայտարարություն տարածել, թե վերջինս ճնշումներ է գործադրում տնօրենների վրա: Ավելին այդ խնդրով նա դիմել է Գլխավոր դատախազություն: Իրեն գաղտնի հետեւելու եւ տեսանկարահանելու համար էլ Նիկոլ Փաշինյանը դիմել է ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին: Մի խոսքով` քարոզարշավը նոր է սկսվում, սպասենք կինոյի հաջորդ սերիաներին, այս անգամ նաեւ` Աշոտյանի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հրազդանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն Արամ Դանիելյանը, Սասուն Միքայելյանը եւ «Հայկական վերածնունդից» Արթուր Բաղդասարյանի նախկին խոսնակ Արթուր Միսակյանը:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 1436 անգամ