Մեզ տարեք Նուբարաշեն, մեր հետևից ուրիշները կգան (տեսանյութ)
2016-03-24 12:24:00

Գևորգ Սաֆարյան. մի անուն, որը դեռ տարեսկզբից քաղաքացիական ակտիվ հասարակության մուսան է դարձել, քանի-քանի ակցիաներ տեղի ունեցան ի պաշտպանություն երիտասարդի և դեռ քանիսը տեղի կունենան:

«Եղբայր ո՞նց հելնեմ, կապած ա, ցավդ տանեմ կապած ա».- ի պատասխան ոստիկանի հորդորանքներին բացատրում էր երիտասարդ ակտիվիստը, նա, ևս մի քանի երիտասարդներ, շղթաներով գամվել էին գետնին: Այսօր «Հիմնադիր խորհրդարանի» և «Հայ կանանց ճակատի» անդամները բողոքի ցույց իրականացրեցին Մաշտոցի պողոտայում, նրանք գոռում էին Գևորգ Սաֆարյանի անունը, ժամանակ առ ժամանակ նաև «Ոչ ռեժիմին»:
Ակտիվիստները երկաթե շղթայով գամել էին իրենց գետնին հենց փողոցի երթևեկելի մասում, երբ վրա հասան ոստիկանները: Ոստիկաններից մեկը հանկարծ գոռաց «պլաստկակուպցի», վերջապես հասկացան ինչն ինչոցն է։

Ոստիկանները մարդկանց հերթով լցնում էին մեքենաները, բերման ենթարկվեցին շուրջ 14 մարդկանց, բերման կենթարկվեր նաև Ռուզաննա Եղնուկյանը, սակայն երիտասարդ կինը վնասել էր գլուխը, համարյա անգիտակից վիճակում պառկած էր գետնին, գլխից արյուն էր գալիս։ Նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց և որքան էլ հետո Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պնդում էր, թե Ռուզաննա Եղնուկյանը ակցիայի մասնակիցների հրմշտոցի արդյունքում է վնասվել, ականատեսները պատմում էին, որ ոստիկաններից մեկը ոտքով է խփել նրան: 

«Դուռը չի բացվում, մյուս կողմից ա».- ոստիկանների գոռգոռոցների ներքո մեկ այլ ակտիվիստի մեքենան խցկեցին ոստիկանական մեքենայի մյուս դռնից, բայց «փչացած է» ոչ թե դուռը, այլ ոստիկանական համակարգը, որն արդեն որերորդ անգամն է ապացուցում՝ ակցիաներ վերահսկել չգիտեն, այդպես էին պնդում ակտիվիստները: «Մեզ բոլորիս տարեք գցեք Նուբարաշեն, միևնույնն է մեր հետևից ուրիշները կգան, ես ձեզ ասում եմ, մենք փակելու ենք փողոցները, դա օրինական ահմանադրական մեր իրավունքն է, ուզում եք հենց հիմա, հենց վաղը մեզ տարեք բանտ: Եվ դատական գործ ենք բացելու բոլոր այն ոստիկանների դեմ, որոնք այսօր իմ ընկերուհու գլուխը ճղեցին, ամենաբիրտ ուժ կիրառեցին, ոստիկաններն ամենակեղտոտ հայհոյանքները հնչեցրեցին, իմ ականջներով եմ լսել, սա «բարեփոխված» ոստիկաններն են».- նշեց «Հայ կանանց ճակատի» անդամ Նաիրա Բադալյանը, ով երկար չմնաց ազատության մեջ, մոտեցավ Վալերի Օսիպյանն ու «ավետեց», որ իրեն բերման են ենթարկում, քանի որ նա ևս մասնակցել է ակցիային ևս խախտել է հասարակական կարգը: Ի դեպ, հավաքվածները պնդում էին, որ կինը չի մասնակցել ակցիային, այլ կանգնած է եղել մայթին: 

Քիչ առաջ արդեն տեղեկացանք, որ Ռուզաննա Եղնուկյանի վիճակը բավարար է, նրան պետք է դուրս գրեին, կինը ճակատի շրջանում փափուկ հյուսվածքների սալջարդ է ստացել։ Ի դեպ, Ռուզաննա Եղնուկյանը Կարո Եղնուկյանի կինն է, վերջինս միակն էր, ում ոստիկականական բաժանմունքից բաց էին թողել բերման ենթարկելուց քիչ անց։

«Հայ կանանց ճակատ»-ն արդեն երկու օր է, ինչ ակցիաներ է իրականացնում քաղաքի տարբեր մասերում ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի, նրանց բերման ենթարկել են, սակայն ոչ այդպիսի կոպիտ եղանակով, ինչպես այսօր։



Նյութի աղբյուրը ` hraparak.am

 

Այս նյութը դիտել են - 1813 անգամ