ՀՀԿ-ն շատ ճիշտ է վարվել. Նիկոլ Փաշինյանի մրցակիցը կարող է լինել Արմեն Աշոտյանը. Երկուսն էլ իրար արժանի են:
2016-03-24 19:46:00

Վերջերս թերթերը գրեցին այն մասին, որ Հրազդանի քաղաքապետի գալիք ընտրություններին ՀՀԿ-ն իր ներկայացուցչին է գործուղել Հրազդան և այդ ներկայացուցիչը ոչ այլ ոք է, քան պատվավոր գործազուրկ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նույն աղբյուրներն առանձնակի շեշտադրությամբ հայտնում էին նաև, թե, իբր. Աշոտյանն այնտեղ է գնացել Նիկոլ Փաշինյանին ջախջախելու համար:


Այսպիսի տեղեկատվությունը զավեշտալի է մի քանի առումներով: Նախ Հրազդանում ընդդիմության թեկնածուն Սասուն Միքայելյանն է և կարծես թե պայքարը պիտի տարվեր նրա դեմ: Սակայն պատերազմի վետերան Սասունն այնքան դժգույն ու պասիվ դիրքերում է հայտնվել, որ շատերն իսկապես մոռացել են նրա գոյությունը և կարծում են, որ Նիկոլն է ուզում քաղաքապետ դառնալ:


Մյուս կողմից, այսպիսի լուր գրողներն ակամա հաստատում են այն կասկածները, որ Փաշինյանին առանձնապես չի մտահոգում Միքայելյանի անիմաստ ապագան, և Հրազդանի հարթակում անհարկի աղմուկ-աղաղակները նպատակ են հետապնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության PR-ը ապահովել:


Ի դեպ, այս լուրը ճշտելու համար լրագրողները դիմել են Աշոտյանին, սա էլ ասել է. «Սա ճշմարտության կեսն է: Այդ նպատակով Հրազդան են գործուղվել նաև Ջեյմս Բոնդը, Չակ Նորիսը և Սպայդերմենը: Իսկ իրականում ես հետևում եմ բոլոր ՏԻՄ ընտրություններին, այդ թվում՝ Հրազդանին: Առայժմ խառնվելու կարիք չկա, քանի որ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբը հաջողությամբ և գրագետ չեզոքացնում է Նիկոլ Փաշինյանի, ողջ ՔՊ-ի և իրենց անթաքույց սատարող հայտնի լրատվամիջոցների քարոզչական ուժը»:


Արմեն Աշոտյանն իբրև թե կատակի է տալիս, բայց և չի ժխտում, որ ինքն այնտեղ լինում է, հետևում է նախընտրական պայքարին և որոշ գործառույթներ է իրականացնում: Միայն թե իր և սուպերհերոսների միջև համեմատություն կատարելու նրա քայլը բացահայտում է Աշոտյան գործչի հնարավորությունների ռեալ սահմանը: Իսկ այդ սահմանը ոչ մի գնով չի հասնում լրջության եզրին: Ու հարկ է նկատել, որ այս իմաստով ՀՀԿ-ն շատ ճիշտ է վարվել: Նիկոլ Փաշինյանի մրցակիցը կարող է լինել Արմեն Աշոտյանը: Երկուսն էլ իրար արժանի են:

shame.am

Այս նյութը դիտել են - 1452 անգամ