«Նոր Հայաստան»-ը վերածվելու է կուսակցությա՞ն...
2016-03-24 20:16:00

Չնայած նրան, որ Ժիրայր Սեֆիլյանի հավաստմամբ «հեղափոխությունն» իրենց ծրագրերից դուրս չի եկել, այնուամենայնիվ խոսակցություններն այն մասին, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն ի վերջո վերածվելու է կուսակցության, գնալով ակտիվանում են:  Այսօր էլ «Հայկական ժամանակ» թերթն էր գրել, որ Ժիրայր Սեֆիլյանի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ այս փորձն էլ ձախողվելու դեպքում քննարկվելու է միասնական ուժերով ընտրությունների գնալու տարբերակը:

Մեզ հետ զրույցում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը հերքեց այդ ինֆորմացիան, նախ նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում, ապա նշեց. «Մենք նման պայմանավորվածություններ չունենք, նման խոսակցություններ չեն եղել, նման հարց չենք քննարկել»:

Ի դեպ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր նոր ծրագիր է հրապարակել՝ «Հայաստանում ազատ և արդար արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհային քարտեզ»-ը: Վարուժան Ավոտիսյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ ծրագիրը որպես այդպիսին ժամկետներ չունի, ներկայացված է քննարկման համար. «Դա առաջարկ է հասարակությանը, քաղաքական ուժերի, քաղաքական կազմակերպություններին, այդ նախագծի շուրջ բանակցելու և համախմբվելու»: Ծրագիրը ներկայացնում ենք ստորև:

«Նոր Հայաստան»-ի ճանապարհային քարտեզը

ՎԱՐՉԱԽՄԲԻ ՀԵՌԱՑՈՒՄ

Քաղաքական և հասարակական ուժերը միավորվում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակի շուրջ։
Միավորված ուժերն իրազեկման միջոցով ներգրավում են ժողովրդական լայն զանգվածներին։
Ժողովուրդը վերջնագիր է ներկայացնում քրեական ռեժիմի պարագլուխներին՝ Ժողովրդի վստահության կառավարություն նշանակելու և արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով։
Ժողովուրդը խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով (վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների ու փողոցների փակում և այլն) կաթվածահար է անում քրեական ռեժիմի կառավարման համակարգը՝ հասնելով իր վերջնագրի ընդունմանը և դրա պահանջի կատարմանը։

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ժողովրդի վստահության կառավարությունն ապահովում է պետական կառավարման կայունությունը:
Ժողովրդի վստահության կառավարությունն ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները ազատ և արդար արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։
Սահմանադրական դատարանում սկսվում է ՀՀԿ-ի գործունեության արգելման վարույթ։

ԱԶԱՏ ԵՎ ԱՐԴԱՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

Իրավապահ մարմիններն ապահովում են ընտրական գործընթացը՝ խստորեն կանխելով ընտրակաշառքների, ընտրություններին միջամտելու և դրանց վրա ազդելու բոլոր այլ փորձերը։
ԶԼՄ-ներն ազատորեն լուսաբանում են ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին և քաղաքական ուժերին։
Քաղաքացիական հանրությունն ազատորեն վերահսկում է ամբողջ ընտրական գործընթացը։
Նյութի աղբյուրը`  hraparak.am
Այս նյութը դիտել են - 1262 անգամ