Մեզ սարքել են բոմժ, գցել դռնեդուռ. Կոնդի նախկին բնակիչը 8 տարի ապրում է անմարդկային պայմաններում
2016-03-24 20:58:00


Երեւանի Կոնդ թաղամասի նախկին բնակիչ Ռիմա Պողոսյանն 8 տարի է՝ միայնակ բնակվում է Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում՝ 6քմ մակերես ունեցող փայտաշեն տնակում՝ հատակից ու առաստաղից ներս թափվող անձրեւաջրերի ու խոնավության հետ: Ինչպես ինքն է նշում՝ ամռանը նաեւ օձերն ու առնետներն են «հյուր գալիս»:

«Էս խոնավության մեջ էնքան եմ ապրել,  առողջությունս քայքայվել է. շաքար չունեի, շաքար եմ ձեռք բերել, ոտքերի ցավ…  Տանը ջուր չկա. ամառ-ձմեռ դրսի աղբյուրի տակ եմ աման լվում, զուգարանն էլ է դրսում. խայտառակ պայմաններ են,- ասում է տիկին Ռիման ու հիշում նախորդ տարվա դեպքը, երբ օձը սողալով բարձրացել էր քարե աստիճանով ու փորձել տուն մտնել: -Լավ է՝ թոռս էստեղ էր, շպրտեց էն կողմ, փրկվեցինք»:

Մոտ 40 տարի Երեւանի կենտրոնում բնակված տիկին Ռիման պատմում է, որ 2007-ին, երբ ի թիվս այլ բնակարանների Կոնդ թաղամասում քանդվեց նաեւ իր տունը, խոստացան 2 տարում նոր բնակարանով ապահովել:

«Մտածեցի՝ 2 տարին ի՞նչ է, որ չանցկացնեմ: Եկա, էս տնակը վարձեցի ու արդեն 8 տարի է՝ չեմ կարողանում դուրս գալ: 26.000 դրամ թոշակ եմ ստանում, միայն 15.000-ը տնակի վարձ եմ տալիս, ես էլ ինչո՞վ ապրեմ»,- ասում է նա:

Նրա խոսքով՝ 8 տարվա չարդարացված սպասումներից հետո այլեւս հույս չունի, թե երբեւէ ստանալու է խոստացված բնակարանը. հիմա նա Կառավարությունից պահանջում է իր տանը համարժեք գումարը տրամադրել:

«Էլ ոչ մի հույս չունեմ էս Կառավարությունից. մեզ սարքել են բոմժ, գցել դռնեդուռ: Ամեն օր ցույցի ենք, ամեն օր դռներ ենք թակում, որ մեկն ընդունի, լուծում տա մեր խնդրին. չեն ընդունում: Էդ շենքերը ոչ կառուցվելու են, ոչ էլ մեզ բնակարան են տալու, թող Կառավարությունը մեր գումարը տա, գնանք մեզ համար տուն առնենք, մարդավարի ապրենք»,- ասում է նա:

Հիշեցնենք, որ Երեւանի Կոնդ թաղամասի մի քանի տասնյակ նախկին բնակիչները, որոնք իրենց բնակարաններ հատկացնելու պահանջով, այսօր՝ մարտի 24-ին, հանդիպում էին պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, հեռացան Կառավարությունից այդպես էլ իրենց պահանջի հասցեատիրոջը չհանդիպելով:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Կառավարությունը որպես գերակա շահ է ճանաչել Կոնդի թաղամասի այդ տարածքը, բնակիչներին  դուրս է հանել իրենց բնակարաններից՝ խոստանալով փոխհատուցում: Շենքերի շինարարությունը դեռ շարունակվում է:

Այս նյութը դիտել են - 2165 անգամ