Մեկնարկեց Տարոնի դուրսգրման գործընթացը...
2016-03-25 12:43:00

Մեկնարկեց Տարոնի դուրսգրման գործընթացը

Օսկան Քոչարյան

 

ՀՀԿ-ն, այսինքն` նախագահ Սարգսյանը, մի նոր հետաքրքիր գամբիտ է խաղարկում, որը կարող է և վնասակար չլինել այս անգամ: Խոսքը ստեղծվելիք նոր դպրոցի մասին է:


Հայտարարված է, որ ստեղծվելու է Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց: Դա լինելու է կուսակցությանը կից ինչ-որ մի բան, նախկին ԽՍՀՄ-ում գործող կուսակցական դպրոցների տիպի, որտեղ սովորում էին Խորհրդային Միության գրեթե բոլոր կուսակցական ղեկավարները: Սա արդեն ուրախացնում է. մարդիկ չեն սարքում արվեստի կամ գիտության դպրոց, այսինքն` չեն պղծում արվեստն ու գիտությունը, այլ պղծում են այն, ինչը պղծելն անհնարին է` ի սկզբանե պղծված լինելու պատճառով:


Բնականաբար, դպրոցը երկրին պետք չէ, բայց այն պետք է նախագահ Սարգսյանին: Իսկ պրագմատիկ նախագահի ինչի՞ն է պետք ևս մի կառույց հիմնել, այն էլ այս ոչ բարենպաստ ֆինանսական պայմաններում:


Պատասխանի վրա երկար մտածել պետք չէ: Բանն այն է, որ ՀՀ առաջին դեմքերը սիրում են իռացիոնալ պարտավորություններ կրել, ասենք՝ իրենց վրա վերցնել իրենցից հեռացած ընկերոջ կամ գործընկերոջ գերդաստանի խնամքը, այն էլ` ցմահ: Այսպես, ղեկավարվելով այդ խնամքի ոգով ու տառով՝ Մարգարյան Տարոնին դարձրին Երևանի քաղաքապետ և կրակն ընկան: Թե ինչպես 18 տարեկանում էքստեռնով դպրոցն ավարտած այս հրաշամանուկն իրեն դրսևորեց այդ պաշտոնում` հանրահայտ է: Բայց ժամանակը գնում է, Տարոնն աշխատում է քաղաքապետ արդեն տևական ժամանակ: Երևանի քաղաքապետարանը թե՛ անշառ թալանի, թե՛ այլ առումներով երկրի ամենալավ լափելու տեղն է, շատերը կուզենային նստել քաղաքապետի աթոռին: Բայց ինչպե՞ս, եթե այնտեղ նստած է մեկը, որը ցմահ պետք է վայելի իր արտոնությունը: 
Հենց այստեղ է, որ օգնության է գալիս գամբիտը. Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցը հիմնվում է որպես սփոփանք Տարոնին, որպես ապացույց, որ նա էլիտայի շարքերում է, նրա հորը հավերժացնում են, և Տարոնն առանց որևէ հետին մտքի ու հանգիստ խղճով կարող է դուրս գալ քաղաքապետարանից, այն էլ` մեծ դիվիդենդներով: Իսկ հետո կգլխավորի կա՛մ հոր դպրոցը, կա՛մ էլ կբավարարվի պատգամավորական մանդատով:


Իհարկե, ստեղծել նախարարություններ, այլ կառույցներ ու հաստատություններ միայն այն բանի համար, որ բավարարվեն ոմանց նկրտումները, աննորմալ երևույթ է: Բայց սա է մեր իրականությունը, և այս անգամ պետք է ուրախանանք, որ նորաստեղծ դպրոցից գոնե խեր կլինի` էքստեռն Տարոնին կփոխարինի մեկը, ով դպրոցը մի կերպ ավարտել է առանց էքստեռնի, իսկ քաղաքապետարանն այլևս տարեկան 100 հազար դոլարի կոնյակ չի գնի, քաղաքի անօթևան կենդանիներին էլ վտանգ չի սպառնա: Այնպես որ` ողջունենք ՀՀ ամենանվիրյալ նժդեհականներից մեկի` Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի գաղափարը, որը հիմնվում է իր իսկ որդուն մանուկ հասակում թոշակառու դարձնելու վրա:


Հետգրություն


Այսօր տեղի ունեցավ ևս մի ուշագրավ իրադարձություն, որը կասկած չի թողնում Տարոնի մոտակա դուրսգրման հարցում: Նախագահ Սարգսյանն այցելեց Կոմիտասի անվան պանթեոն և հարգանքի տուրք մատուցեց Տարոնի հորը` վերջինիս մահվան հերթական տարելիցի կապակցությամբ: Նշենք, որ նախկինում նախագահը չէր այցելում պանթեոն տարելիցների կապակցությամբ, իսկ այսօր կլոր թիվ էլ չէ, որ ասես, թե պետք էր գնալ` ընդամենը իններորդ տարելիցն էր: Նախագահ Սարգսյանը ոչ մի բան չի անում հենց այնպես, նրա պանթեոն գնալը նույնպես Տարոնի դուրսգրման օպերացիայի քայլերից է` որպես նվիրվածության և սփոփանքի դրսևորում: Մնում է սպասել, թե երբ վերջապես մենք կտեսնենք Երևանում նոր քաղաքապետ, երբ Երևանում կերջանկանա մի նոր գերդաստան` մեկ այլ գերդաստանի ողբերգության հաշվին: Ամեն:

shame.am

Այս նյութը դիտել են - 1624 անգամ