Պատգամավորը 4+4+4 ձեւաչափի մասին...
2016-03-25 20:14:00

Նշանակություն չունի՝ ովքեր են ընդգրկվելու Ընտրական օրենսգրքի 4+4+4 ձեւաչափով քննարկումների մեջ, կողմերը պետք է պատրաստ լինեն՝ ներկայացնելու  բոլոր առաջարկները։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր ասաց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը։

«Այդ 4+4+4 ձեւաչափով պետք է պատրաստ լինեն բոլոր տեսակետներն ու առաջարկները բարձրացնել այնտեղ։ Նույնիսկ իշխանության  կողմը միատարր չէ,   քննարկումների ժամանակ լսել ենք, որ իշխանության մեջ եւս կան տարբեր մոտեցումներ նախագծի որոշ դրույթների շուրջ։ Այսինքն՝ սա նշանակում է, որ բոլոր կողմերը պետք է կարողանան քննարկումների մեջ ընդգրկել բոլոր խնդրահարույց հարցերը»,-ասաց Պողոսյանը։

Թեւան Պողոսյանը ընգծեց, որ այս քննարկումներում շատ կարեւոր են  հիմնավոր հակափաստարկները, որոնք կօգնեն առաջ տանելու պահանջները։ Նրա խոսքով՝ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ բարձր ամբիոնից քաղաքական ու քաղաքացիական  ուժերի առանցքային պահանջների վերաբերյալ իշխանության  ներկայացրած հակափաստարկները դեռ չեն նշանակում, որ այլ ֆորմատով քննարկումներում այդ պահանջները պետք է չքննարկվեն, քնաի որ արդեն  հնչել է իշխանության հիմնավորումը։

«Ես ինքս միշտ կողմնակից եմ եղել, որ մարդիկ կարողանան լսել իրենց առաջարկների վերաբերյալ հակափաստարկները եւ հաջորդ քայլը անեն այդ հակափաստարկից ելնելով, ոչ թե կրկնեն նույն պնդումը։ Եթե դու չես կարողանում նոր փաստարկներ բերես ու նոր տարբերակներ առաջարկես ավելի ճկուն ձեւով ու քո տեսակետը կյանքի կոչես, ուրեմն պետք չէ ուրիշին մեղադրել»,-ասաց պատգամավորը։

Նշենք, որ ընդդիմության առաջարկած քննարկման այս ձեւաչափը ընդունել է իշխանությունը։ Երկու կողմը պատրաստ է քննարկման։ Դեռեւս չի կողմնորոշվել  քաղաքացիական հասարակությունը։ Այստեղ շարունակվում են քննարկումները, թե մի քանի տասնյակ ՀԿ-ից որոնք պիտի մասնակցեն քննարկմանը։

news.am

Այս նյութը դիտել են - 1138 անգամ