Ռուս-թուրքական տարաձայնությունների ազդեցությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա
2016-03-26 09:09:00

Սենթրալ Էյժա-Քոքասիս» վերլուծական հաստատության ֆորումում քննարկվել է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման ազդեցությունը Կենտրոնական Ասիայի, Կովկասի, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Ըստ ֆորումի մասնակիցների, Ռուսաստանը և Թուրքիան միշտ էլ համաձայնել են էներգիայի և ընդդիմադիր խմբավորումների առումով: Սակայն Սիրիայի կառավարության շուրջ այս երկու երկրները միշտ էլ  տարաձայնություններ են ունեցել, ինչը վտանգավոր է տարածաշրջանի համար:

Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը Թուրքիայի համար ևս մեկ մեծ խնդիր է, ի հավելումն ներգաղթյալների խնդիրներին, Եվրամիություն մուտք գործելու ջանքերին և երկրում ընդդիմության դեմ պայքարի խնդրին:

Ռուսաստանը ներկայումս նույնպես շատ խնդիրներ ունի, սակայն նոր հնարավորություններ է փնտրում: Ռուսաստանը ներկայացրել է ազգային անվտանգության նոր ծրագիր, ինչի գերագույն նպատակն է բոլորին ցույց տալ դրա հզոր լինելու հանգամանքը:

«Սենթրալ Էյժա-Քոքասիս» վերլուծական հաստատության նախագահ Ֆրեդրիք Սթարրի խոսքերով, ռուս-թուրքական հարաբերությունները մեծապես ազդում են հայ-ադրբեջանական հակամարտության վրա:

 «Ռուս-թուրքական հարաբերությունները մեծացնում են տարածաշրջանի անկայունությունը: Այս ամենի արդյունքում Հայաստանը լայնորեն զինվում է և ավելի ընկղմվում Մոսկվայի ազդեցության տակ, ինչին իմ կարծիքով, Թուրքիան շուտով կարձագանքի: Ադրբեջանը բարդ իրավիճակում է հայտնվել։ Նավթամուղը խոշոր ծրագիր է, և եթե դրությունը վատթարանա, այն սպառնալիքի տակ կհայտնվի»:

Սթարի խոսքերով, Արևմուտքը պետք է արձագանքի այս իրադարձություններին, սակայն դեռևս ձեռնպահ է մնում:

Խորհրդային Միության փլուզումից հետո ռուս-թուրքական հարաբերությունները նշանակալի դեր են ունեցել տարածաշրջանի համար: Մի կողմից Հայաստանը Թուրքիայի հետ գրեթե հարաբերություններ չունենալով՝ կախվածության մեջ է ընկել Ռուսաստանից: Մյուս կողմից էլ՝ Ադերբեջանը Թուրքիայի հետ գերազանց հարաբերություններ  ունի։ Ինչպես էրդողանն է նշել, երկու երկրների միջև նույնիսկ տնտեսական համագործակցության աճ կարող է լինել:

Ըստ ԱՄՆ-ի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսական և Եվրասիական բաժնի ղեկավար Օլգա Օլիքերի, Ադրբեջանը Ռուսաստանից զենք է գնում, մինչդեռ Հայաստանը Ռուսաստանից անվճար է զենք ստանում, ինչը բացասաբար է ազդում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա:

«Սենթրալ Էյժա-Քոքասիս» վերլուծական հաստատության տնօրեն Սվանթե Քորնելլն էլ անդրադարձել է այս լարված իրավիճակի ազդեցությանը Ղարաբաղի հարցում:

 «Կարծում եմ այս ամենը արդեն իսկ անկայուն տարածաշրջանը ավելի են անկայունացնում: Նկատում ենք զգալի և ակտիվ փոփոխություններ արտաքին քաղաքական ուժերի միջև: Այժմ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման հիմնական ազդեցությունը կլինի Ադրբեջանի և Հայաստանի վրա: Չի բացառվում, որ Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի կարծիքների հակասությունը տարածվի նաև Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ»:

Չնայած ռուս-թուրքական տարաձայնություններին, Անկարայում ահաբեկչական հարձակումից հետո Ռուսաստանը ցավակցական ուղերձ էր հղել Թուրքիային: Ոմանց կարծիքով, դա երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նշան է, սակայն ըստ Ռուսաստանի, միայն Անկարայի ներողության խնդրանքը կարող է տանել դեպի հարաբերությունների կարգավորում, ինչը շատերի կարծիքով, հավանական չէ:

Մասնագետների կարծիքով, ներկա դրությամբ այս երկու երկրների միջև տարաձայնությունները անհապաղ վտանգ չեն ներկայացնում, սակայն կարող են երկարաժամկետ բարդությունների պատճառ դառնալ:

Այս նյութը դիտել են - 2065 անգամ