Շմայսը՝ զինվորին խոշտանգելու մասին. Օֆշորը ո՜ւր, Աշոտի տղան ո՜ւր, ավչառկա շունն ո՜ւր
2016-03-26 09:14:00

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «օֆշորի» գործով դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը բանակի վերաբերյալ գրեթե սկանդալային հայտարարություն արեց:

Հայտարարությունը լիարժեք սկանդալ չէր միայն այն պատճառով, որ դեպքից, որի մասին խոսում էր Սուքիասյանը՝ 15-20 տարի է անցել: Սուքիասյանը պատգամավոր Շմայսին՝ Առաքել Մովսիսյանին եւ գնդապետ Մուրադ Կիրակոսյանին ըստ էության մեղադրեց իր որդուն զինվորական ծառայության ընթացքում խոշտանգելու մեջ:

«Բանակից հետո որդուս մոտ խմիչքի նկատմամբ սեր էր առաջացել, որովհետեւ բանակում Արարատում ծառայելու ժամանակ շուն էին բաց թողել վրան: Մուրադ Կիրակոսյան կա այնտեղ, կարող եք հարցնել: Մուրադ Կիրակոսյանը եւ Շմայսը… ինքը չէր ենթարկվել, հաղթանդամ, ֆիզիկապես շատ մարզված տղա էր: Շորերը մերկացրել էին եւ զորամասի առաջ խիստ պատժելով, ծեծելով շուն էին բաց թողել իր վրա՝ «ավչառկա»: Շունը փորձել էր խեղդել: Տղաս 3 անգամ շանը փռել էր գետնին, նորից էին բաց թողել: Էդ դեպքից հետո խմիչքի նկատմամբ սեր էր առաջացել մոտը»,- դատարանում իր տղայի մասին խոսելիս «ձեռքի հետ» հայտարարեց Սուքիասյանը:

Առաքել Մովսիսյանից մեկնաբանություն խնդրեցինք ներկայացված միջադեպի վերաբերյալ.

- Պարոն Մովսիսյան, երեկ դատարանում «օֆշորի» գործով ազատազրկված Աշոտ Սուքիասյանը...

- Օֆշորը ո՞րն ա:

- էն սկանդալը, որ Տիգրան Սարգսյանի հետ կապ ունի:

- Աշոտ Սուքիասյա՞նն ով ա:

- Էդ գործով ազատազրկված է: Նա երեկ դատարանում հայտարարել է, որ տարիներ առաջ իր տղային դուք եւ Մուրադ Կիրակոսյանը մերկացրել եւ ծեծել եք, «ավչարկա» շուն եք բաց թողել վրան:

- Աղջիկ ջան, նախ առաջինը. ես կյանքիս մեջ շուն չեմ ունեցել: Երկրորդն էլ՝ չեմ ճանաչում էդ տղան ով ա: Երրորդն էլ Կիրակոսյան Մուրադի հետ ընդհանրապես առնչություն չունեմ կլինի երեւի 20 տարի:

- Դե Սուքիասյանի պատմածն էլ հին պատմություն է:

- Ես տեղյակ էլ չեմ ով ա էդ մարդը, վաբշե: Սուքիասյան Աշոտ: Ի՞նչ եք ստից բաներ ման գալիս:

- Երեկ դատարանում է հայտարարել:

- Օֆշորը ո~ւր, Սուքիասյան Աշոտի տղան` ո~ւր, Կիրակոսյան Մուրադն ո~ւր, օվչառկա շունն ո~ւր կամ չոբանի շունը, սաղ խառնել եք իրար:

- Ձեր հետ եղե՞լ է նման դեպք, որ բանակում զինվորին մերկացնեք եւ ծեծեք:

- Բանակում` որտե՞ղ:

- Արարատում:

- Ո՞ր թվականին:

- Շուրջ 15-20 տարի առաջ, հավանաբար:

- Դու ծնված եղե՞լ ես այդ ժամանակ:

- Դատարանում մարդը նման բան է հայտարարում: Ձեր մեկնաբանությունն ենք ուզում:

- Ես մեկնաբանություն չունեմ տալու, ոչ էլ ճանաչում եմ նման մարդ, ոչ էլ ընդհանրապես էդ հարցերով ինձ անհանգստացրեք: Եվ դուք էլ իմացեք, որ կյանքում ես շուն չեմ պահել: Հասկացա՞ր:

- Եղե՞լ է նման բան:

- Բանակում մաքուր ծառայել եմ, մաքուր էլ դուրս եմ եկել: Ձեզ հաջողություն»:

Այս նյութը դիտել են - 2048 անգամ