Դեռ ոչինչ չի արել, բայց արդեն հերոս է...
2016-03-25 22:36:00

Դեռ ոչինչ չի արել, բայց արդեն հերոս է

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն իր նշանակումից ի վեր եթե որևէ բան արել է, ապա անվերջ խոսել ու խոստումներ է շռայլել: Առայժմ առարկայական, շոշափելի ոչինչ չկա: Ու թեև հասկանալի է, որ կարճ ժամանակ է անցել, այսքան արագ արդյունքներ ակնկալելը լուրջ չէ, բայց եթե հանրությունը դա գիտակցում է, ապա ընկեր Արծվիկը ոչ մի կերպ համաձայն չէ: Նա ուզում է, որ հիմա էլ իրեն գնահատեն:


Օրինակ, այսօր նա հայտարարել է, թե պատրաստվում է ներկայացնել մենաշնորհների դեմ պայքարի ոլորտին վերաբերող ծրագիր: «Մենաշնորհների դեմ պայքարի տեսանկյունից Էկոնոմիկայի նախարարությունը պետք է ստանձնի քաղաքականություն մշակողի հիմնական դերակատարությունը: Մյուս կողմից առաջադրի կոնկրետ լուծումներ այն մարմինների հանդեպ, ում համակարգում կան ձեռնարկություններ, ծառայություններ, որոնք որ շուկայում կարող են գերիշխող կամ մենաշնորհային դիրք ստանձնել»,- պարզաբանել է նա:

 


Ոչ ոք դեմ չէ Արծվիկ Մինասյանի ներկայացրած քայլերին: Բայց համաձայնությունը նրա համար քիչ է: Դեռ ոչինչ չարած դաշնակ նախարարն արդեն սկսել է խոսել իրեն սպասվող փորձությունների ու դժվարությունների մասին: «Բնականաբար, կլինեն տնտեսվարող սուբյեկտներ, անձինք, ովքեր կփորձեն հակազդեցություն կիրառել, դա փաստ է, հակառակ դեպքում մենաշնորհի դեմ պայքարի անհրաժեշտություն չէր լինի»,- ասել է նա, ինչը նշանակում է, որ քաղաքացիներն արդեն իսկ պիտի հասկանան, թե որքան հերոսական գործեր է սպասվում նրան, թե ինչպես է միայնակ ու քաջարի ընկերը դուրս գալու պայքարի հազարավոր անտեսանելի ու անանուն հրեշների դեմ: Ու թող ազգն արդեն իսկ խոնարհվի նրա առաջ ու փառաբանության երգեր երգի, քանի որ նախկինում ոչ ոք այդ բանը չէր արել, բայց ահա եկավ անձնուրաց Արծվիկ Մինասյանը և նետվեց անհավասար կռվի կրակների մեջ:


Բայց եթե այնպես պատահի, որ մեկ տարի անց նա ոչինչ էլ արած չլինի ու այլևս նախարար չմնա, այդ դեպքում, կներեք, Արծվիկը մեղք չունի: Մենաշնորհները շատ էին, ինքը՝ մենակ: Ո՞ր մեկի դեմ պայքարեր:

shame.am

Այս նյութը դիտել են - 1368 անգամ