Սան Բերնարդինոյում 14 մարդու կյանք խլած ահաբեկչությունը, որի իրականացնողներին ոգեշնչել էր «Իսլամական պետություն» խմբավորումը, կամ՝ Դաեշը, բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց:
Նախագահ Բարաք Օբաման իր ելույթում խոստացավ կոշտ միջոցներ կիրառել ահաբեկիչների դեմ՝ միեւնույն ժամանակ երաշխավորելով ԱՄՆ-ում մարդու իրավունքների եւ ազատությունների լիակատար ապահովում: Այդ հարցի շուրջ ԱՄՆ-ի քաղաքական դաշտում համաձայնություն է նկատվում: Հանրապետական կուսակցության նախագահի առաջատար թեկնածու Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ ի դեմս Դաեշի, Ամերիկան գործ ունի թաքնված թշնամու հետ.
«Մենք ունենք թշնամի, որը համազգեստ չի կրում, շատ դաժան, կատաղի եւ հիվանդ մի թշնամի: Եվ մենք պետք է դրան ոչնչացնենք»:
Այն, որ Դաեշը պետք է արմատախիլ արվի, կասկած չի հարուցում Միացյալ Նահանգների նախագահական թեկնածուներից ոչ մեկի մոտ: Դեմոկրատական կուսակցության առաջատար թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ահաբեկիչները պետք է ոչնչացվեն ամենուրեք՝ օդում, ցամաքում եւ ինտերնետում:
Հանրապետական կուսակցության մեկ այլ թեկնածու Ջեբ Բուշը խնդիրն ավելի լայն է դիտարկում.
«Սա պատերազմ է հանուն Արեւմտյան քաղաքակրթության: Նրանք մեզ պատերազմ են հայտարարել»:
Բուշի հետ համաձայն չէ Հիլարի Քլինթոնը, ում կարծիքով ահաբեկիչներին ոչ մի դեպքում չի կարելի շփոթել մահմեդականների հետ:
Այս նյութը դիտել են - 1779 անգամ