Նամակում գրված է.
«Մինչև 2007 թվականը ֆուտբոլի ֆան ակումբ հասկացողությունը միայն երազանք է եղել հայ երկրպագուի համար: 2007 թվականին նաև մեր համառ ու ծանր աշխատանքի շնորհիվ երբեմնի անհնարինը հնարավոր դարձնելով, չունենալով ոչ մի ֆինանսական միջոց, կարողացել ենք ստեղծել ու զարգացնել ֆան մշակույթը Հայաստանում: Ինչպես Դուք տեղյակ եք, մեր ջանքերով ազգային ու տարբեր տարիքային հավաքականների մարզիչները ուշադրություն են դարձրել և ի վերջո հրավիրել են մի շարք հայազգի ֆուտբոլիստների, ովքեր դարձել են թիմի անդամներ: Մենք կանգնած ենք «ՖԱՖ» ֆան ակումբի ստեղծման ակունքներում:
Ներկայում, թեև չենք պատկանում որևէ ֆան ակումբի, սակայն, ծանոթանալով Ձեր մամուլի ասուլիսին, ու քանի որ սրտացավ ենք հայկական ֆուտբոլի համար, հարկ համարեցինք մեր մոտեցումները ներկայացնել Ձեր որոշ դիտարկումների վերաբերյալ:
Կարծում ենք՝ ՀՀ ֆուտբոլային հանրությունը առնվազն ապշած է Ձեր արտահայտած այն մտքից, թե Հայաստանի հավաքականում տեղի է ունեցել դավաճանություն: Առավել ևս, որ, ինչպես Դուք եք ասում, փաստեր չունեք: Ցանկանում ենք հիշեցնել, որ մեր հավաքականը 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը, ի թիվս այլ գործոնների չմասնակցեց նաև առեղծվածային հանգամանքներում ու առանց որևէ լրջմիտ բացատրության Ռուսաստանի հավաքականի հետ 2 խաղերի դաշտի տերերին փոխանակելու արդյունքում, երբ հունիսին մեր հավաքականը, գտնվելով լավագույն մարզավիճակում, ստիպված էր հյուրընկալվել Սանկտ Պետերբուրգում: Իսկ հակառակ պարագայում, եթե հանդիպումը կայանար Երևանում, հաղթանակը շատ ավելի իրական կլիներ, քան մարտ ամսին: Այդ 2 միավորը մեզ համար այնքան կարևոր էր... իհարկե, չկան փաստեր, և բնական է, որ ոչ ոք չի մեղադրում մեր ֆուտբոլային ղեկավարությանը գոնե անլուրջ մոտեցման համար:
Ցանկանում ենք հիշեցնել նաև, որ Ռոբերտ Արզումանյանը, ունենալով առողջական խնդիրներ, միշտ պատրաստակամությամբ ժամանել է հավաքական: Յուրա Մովսիսյանը մեզ պարգևել է հաղթանակի բերկրանք իր համառության ու նվիրվածության շնորհիվ, իսկ Գևորգ Կասպարովի անձնուրացության շնորհիվ կերտվել է վերջին տասնամյակի մեր 1-ին հաղթանակը՝ Լեհաստանի հավաքականի նկատմամբ: Առնվազն զարմանալի է Ձեր կողմից առանց փաստերի մեղադրանքը, երբ հակառակն ապացուցող այնքան փաստեր կան... անթույլատրելի ենք համարում նմանատիպ վերաբերմունքը հավաքականի առաջատարների հանդեպ:
Տրամաբանությանը հակասող ևս փաստ է Ձեր այն պնդումը, որ ֆեդերացիայի նախագահը պետք է խառնվի հավաքականի գործերին: Ամբողջ աշխարհում ֆեդերացիայի նախագահը կատարում է մենեջերի աշխատանք՝ տալիս է հանձնարարականներ և պահանջում արդյունքներ, որոնք էլ ներկայացնում է հանրության դատին: Իսկ համապատասխան ոլորտների ղեկավարները իրենք են իրականացնում պահանջվող գործողությունները արդյունքն ապահովելու համար: Թեև, իմանալով Վարուժան Սուքիասյանի նշանակման մասին, ակամա հիշեցինք նախկինում Ձեր արտահայտած կարծիքը նրա մասին, սակայն կարծում ենք, որ այնուամենայնիվ մարզիչը, եթե նշանակվել է, իրավունք ունի ինքնուրույն որոշելու եղած խաղացողների որակները համապատասխանում են պահանջվող մակարդակին, թե ոչ: Այդպիսի լիազորություն ունենալու համար նա մասնակցում է մի շարք դասընթացների, վերապատրաստման է մեկնում, համապատասխան փորձ է ձեռք բերում և այլն: Իսկ ֆեդերացիայի նախագահն ի պաշտոնե այդպիսի գիտելիքներ չունի:
Զարմանալի է նաև Ձեր պնդումը, թե հավաքականի 9 ֆուտբոլիստների նամակից 7-ը տեղյակ չեն եղել բովանդակության մասին: Իսկ ինչն էր խանգարում այդ 7 ֆուտբոլիստներին մինչ օրս հերքմամբ հանդես գալ: Իրենց լռության պայմաններում ամենևին վստահություն չի ներշնչում Ձեր կողմից հրապարակված կարծիքը:
Չենք ցանկանում միջամտել կամ կարծիք հայտնել ՖԱՖ-ի բարձրացրած պահանջների վերաբերյալ: Սակայն մենք տեղյակ ենք, որ մարզադաշտ այցելությունը սահմանափակվում է համապատասխան իրավական կարգավորումների միջոցով: Այդ առումով էլ զարմանալի են Ձեր սպառնալիքները ՖԱՖ-ի անդամների մուտքը արգելափակելու վերաբերյալ, քանի որ ըստ ՀՀ սահմանադրության մարդը մեղավոր չէ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել:
Կարծում ենք, որ զսպումների և հակակշիռների համակարգի գոյության պայմաններում է միայն հնարավոր զարգացնել որևէ ոլորտ: Այս առումով, գուցե Ձեր շուրջը գտնվող մյուս Ֆան ակումբները («Red Eagles» և պաշտոնական ֆան ակումբ) երբեք էլ դեմ հանդես չգան Ձեր որևէ որոշման, սակայն աշխատանքային գործընթացն ու արդյունավետությունը պահանջում են նաև հակառակ կարծիքի գոյություն, ինչպես նաև այդ կարծիքի արտահայտման հնարավորություն:
Հարգելի պարոն Հայրապետյան, կոչ ենք անում Ձեզ մի կողմ դնել անձնական ամբիցիաները: Հիշել, որ 1973-ի մեջ ոսկե սերունդը այլևս որևէ հաջողություն չգրանցեց (եթե հաշվի չառնենք 1975-ի գավաթային տարին) նաև այն պատճառով, որ ժամանակի ֆուտբոլային ղեկավարությունը բաժանեց խաղացողներին «մերոնքականի» և «օտարի»:
Քանի դեռ անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլային սերունդը ի վիճակի է խնդիրներ լուծել, հավաքեք լավագույններին, գտեք հաշտության եզրեր Ռոբերտ Արզումանյանի, Յուրա Մովսիսյանի և Գևորգ Կասպարովի հետ: Հանդես եկեք Ձեր պնդումների հերքմամբ (որոնք ապացուցող փաստեր Ձեր իսկ խոսքերով չունեք) և հնարավորություն տվեք մեր ֆուտբոլիստներին մարզադաշտում ապացուցել իրենց ունակությունները:
Հակառակ դեպքում, կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը կլինի Ձեր հրաժարականը: Իհարկե դժվար է Ձեր իսկ կայացրած կառույցից հեռանալը, սակայն աշխարհում ոչինչ հավերժ չէ: Գուցե մեկ այլ մենեջերի աշխատանքի պարագայում հարթվեն բոլոր խնդիրները և հավաքականը բացահայտի այն ներուժը, որը ինչպես մենք բոլորս տեղյակ ենք, իրականում առկա է:
ՖԱՖ ֆան ակումբի հիմնադիր, նախկին անդամներ Սամվել Մովսիսյան և Տիգրան Մկրտչյան
ՖԱՖ ֆան ակումբի ղեկավար խորհդրի նախկին անդամներ
Ռոբերտ Ղևոնդյան
Արման Վարդանյան
Հայկ Մարտիրոսյան
Հենրիկ Սևոյան
Միքայել Հասրաթյան
Դավիթ Վահրադյան
Գրիգոր Բարսեղյան
Տիգրան Սիմավորյան