Երկու տիկնանց շնորհիվ` ազգը փրկվեց.....
2016-03-26 04:33:00

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում պարզաբանում է ներկայացրել xopan.am կայքի վերաբերյալ:

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ օրերս խորհդրարանում այս հարցը բարձրացրել էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ դժգոհելով, որ ՀՀ քաղաքացիների բջջային հեռախոսներին xopan.am-ի գործարկման վերաբերյալ հաղորդագրություններ են ուղարկվել:

Պատգամավորն այցելել էր այդ կայք ու տեսել, որ դրանում առաջարկվում է աշխատանք Ռուսասատանի տարբեր քաղաքներում: Զոհրաբյանը ցանկանում էր իմանալ՝ ո՞րտեղից և ու՞մ կողմից է կարգավորվում այս կայքի գործունեությունը, դրա վերաբերյալ օպերատորների կողմից հաղորդագրությունների տարածումը և առհասարակ ո՞վ է աշխատանք առաջարկող այդ գործատուն:

Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Սա ի՞նչ է, պետական մակարդակով խրախուսվող արտագա՞ղթ, թե՞ անփութություն»: Տեղում պարզ դարձավ, որ Արփինե Հովհաննիսյանն էլ է ստացել այդ հաղորդագրությունը. «Պակաս զարմացած չեմ, քան դուք», նույն անհանգստացած դեմքի արտահայտությամբ Զոհրաբյանի մտահոգությունները կիսեց նա՝ վստահեցնելով, որ կուսումնասիրի խնդիրը:

Եւ ահա, ուսումնասիրելուց հետո նա իրազեկում է, որ հեռախոսահամարներին նմանատիպ հաղորդագրություն ուղարկելը իրավաչափ չէ: «Չպահանջված գովազդային հաղորդագրությունների խնդիրը մինչ այս էլ գտնվել է ՀՀ արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, և Ազգային Ժողովում այս խնդրի մասին բարձրաձայնած պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը ևս մեկ առիթ էր, որպեսզի ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ուսումնասիրի xopan.am-ից բջջային հեռախոսահամարներին ստացված հաղորդագրության իրավաչափությունն ու դրա վերաբերյալ ներկայացնի իր խորհրդատվական որոշումը:

Նշեմ, որ տվյալ դեպքում խոսքը գնում է «ուղղակի մարքեթինգի» մասին: Հաշվի առնելով, որ անցանկալի գովազդային հաղորդագրություններ փոխանցելը միջամտություն է մարդու անձնական կյանքին և որ ցանկացած դեպքում մարդու անձնական տվյալները, այդ թվում՝ անձնական հեռախոսահամարը, պետք է օգտագործվեն բացառապես անձի համաձայնությամբ կամ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքում՝ ակնհայտ է դառնում, որ տվյալ պարագայում խախտվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:

Չնայած այս դեպքում հաղորդագրությունն ուղարկվել էր մարքեթինգ իրականացնող մասնավոր կազմակերպության կողմից, այնուամենայնիվ, նման դեպքերը բացառելու գործում շատ եմ կարևորում կապի ծառայություն մատուցող օպերատորների դերը և ակնկալում, որ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցող բոլոր կազմակերպությունները (կամ օպերատորները) կձեռնարկեն անհրաժեշտ և առավելագույն կազմակերպչական, տեխնիկական (ծրագրային) միջոցներ՝ կանխելու համար առանց իրենց բաժանորդների համաձայնության այլ անձանց կողմից ուղղակի մարքեթինգի նպատակով բաժանորդների անձնական տվյալների օգտագործումը և որ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու վերաբերյալ բաժանորդների հետ կնքվող պայմանագրերում կնախատեսեն ուղղակի մարքեթինգի նպատակով բաժանորդի անձնական տվյալներն, այդ թվում՝ հեռախոսահամարն օգտագործելու վերաբերյալ դրույթներ: Այլապես, վերջիվերջո խնդիր է առաջանալու օպերատորի և հաճախորդի միջև»։

Դե, ինչ, անկեծորեն եկեք ծափահարենք երկու հայրենասեր տիկնանց ազգանվեր գործի համար, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ, փաստորեն, արտագաղթը կասեցնելու առաջին քարը դրվեց: Արտագաղթի կասեցման դժվարին գործը չէր հաջողվում հայրենի իշխանություններին, այնինչ երկու տիկնանց շնորհիվ, հաշված օրերի ընթացքում, «գլուխ բերվեց»:Էլ, այսքանից հետո ի՜նչ նախագահի հանձնարարություն, արտագաղթը կանխելու ռազմավարություն, ի՜նչ վարչապետի հանձնարարական, մի տիկնոջ մտահոգություն, մյուսի՝ հետեւողականություն եւ ազգը փրկված է ու կարելի է մինչեւ անգամ Ազգային անվտանգության ծառայությունը լուծարել՝ տիկնանց թախանձագին խնդրելով միայն շարունակել սկսած սուրբ գործը, այսուհետ համատեղ պայքար մղել, ասենք, իշխանության դեմ, որի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանն այսօր գրեթե դատարկվել է, կամ ընդդիմադիրների գործունեության, որոնցից հուսալքվածների մի մասն էլ են գաղթի ճանապարհը բռնել, կամ էլ գոնե աչք գցել ամբողջ քաղաքում փակցված հայտարարություններին, որոնք առաջարկում են ընտանիքներով մարդկանց տեղափոխել Ռուսաստան, թե չէ նման ազգանվեր գործը կիսատ թողելը հերթական կաթիլն է արտագաղթի խրախուսման համար:

Անի Սահակյան
hayeli.am
Այս նյութը դիտել են - 1537 անգամ