Շուռ տվածի տրամաբանությունը...2016-03-26 22:28:00
Եթե այսօր քաղաքացիներին հարցնենք, թե ինչ բան է ՄԻԱԿ-ը, նրանցից քչերը կհիշեն, որ կար (կամ կա) այդպիսի կուսակցություն՝ Միացյալ ազատական ազգային կուսակցությունը: Եվ սա հասկանալի է: Այս արհեստածին կառույցն այնքան է միաձուլված ՀՀԿ-ին, որ նույնիսկ հին հանրապետականներն արդեն միանգամից չեն կողմնորոշվում՝ սրանք յուրայի՞ն են, թե՞ ոչ: Բայց այդ հանգամանքը որևէ կերպ չի անհանգստացնում ՄԻԱԿ հիմնադիր քարտուղար Լևոն Մարտիրոսյանին: Իսկ չի անհանգստացնում այն պարզ պատճառով, որ այս երիտասարդը չափազանց տարօրինակ պատկերացումներ ունի առանձին երևույթների մասին:
Օրինակ, երբ նա խոսում է նախկինում իրենց անդամակցած, իսկ հետո կուսակցությունից հեռացած անդամների մասին, հայտարարում է, որ այդ մարդիկ շարունակում են մնալ իրենցը: «Դրանք մեր կադրային ռեզերվն են, ուրեմն նշանակում է՝ ինչ-որ մի բան ներկայացրել ենք, չէ՞, մեզանից, որ մեր կուսակցության անդամ են եղել, հետո հայտնվել են ԱԺ-ում, տարբեր ֆրակցիաների կազմում»:
Այսպիսի շուռ տված տրամաբանությամբ Լևոն Մարտիրոսյանը հեռուն կարող է գնալ: Եվ նա իսկապես գնում է, քանի որ վերջինիս պատկերացումների շրջանակն արդեն ընդարձակվել ու հասել է մի նոր եզրագծի, որից այն կողմ ծայր է առնում նրա հաջորդ՝ կրկին շուռ եկած փիլիսոփայությունը քաղաքական համոզմունքների, գաղափարական կայունության և թիմային մտածողության մասին:
Ահա թե ինչ է ասում Մարտիրոսյանն այն մարդկանց մասին, որոնց հասարակությունը «առնետներ» է անվանում. «Կուսակցությունների անդամները հո միշտ նույն տեղում, նույն կուսակցությունում չե՞ն մնալու, միշտ քաղաքական իրադարձություններ են լինում, այլևայլ հանգամանքներ են ի հայտ գալիս, համենայնդեպս, մենք բոլորս շատ լավ ընկերներ ենք»:
Դժվարությամբ ենք հավատում, որ եթե մի օր Մարտիրոսյան Լևոնին դուրս նետեն իշխանական կերակրատաշտի կողքից ու նա հայտնվի խաղից դուրս, նույնքան ջերմությամբ կպնդի, թե ընկերությունը պահպանվել է: Իսկ ինչ վերաբերում է նրա արտառոց դատողություններին, ապա դրանք էլ այլ բան չեն, քան սովորական դեմագոգիա: Երբ մարդը չի ունենում բավարար չափով անկեղծություն՝ երևույթներն իրենց անուններով կոչելու համար, միշտ էլ օգնության է կանչում դատարկախոսությանը:
shame.am
Այս նյութը դիտել են - 1539 անգամ