Շուրջ 5000 հյուրընկալ ընտանիք իր օջախում ընդունել է սփյուռքահայ երիտասարդների
2016-03-28 09:00:00

Սկսվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 2016 թվականի հայտերի ընդունումը: Այս տարի սպասվում է 13-18 տարեկան շուրջ 1100 սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն: Ծրագրի մանրամասներին կարելի է տեղեկանալ «aritun.am» կայքից:

«Արի տուն» ծրագրի մասնակիցների ծնողները, համայնքային կազմակերպությունները կամ հովանավորները հոգում են միայն ճանապարհածախսը: Հայաստանում 15 օր անցկացնելու մնացած բոլոր ծախսերն իր վրա է վերցնում ՀՀ կառավարությունը:
«Շատ կարևոր է հյուրընկալ ընտանիքների ներգրավումը ծրագրին, որոնք կամավորության սկզբունքով սփյուռքահայ երեխաներին ընդունում են իրենց օջախներում: Այդ ամենի դիմաց նրանք նյութական որևէ փոխհատուցում չեն ստանում»,- «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը՝ մարտի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացած Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ֆիրդուս Զաքարյանն իր խոսքում ՀՀ սփյուռքի նախարարության անունից շնորհակալություն հայտնեց այն ընտանիքներին, համայնքներին, որոնք տարիներ շարունակ անշահախնդրորեն ընդունել են երիտասարդներին և ջերմությամբ պահել իրենց օջախներում: «Այն կարծիքը, որը ծրագրի ընթացքում ձևավորվում է արիտունցիների մոտ, կախված է նաև հյուրընկալ ընտանիքներից: Հաճախ մասնակիցներն այնպես են կապվում իրենց հյուրընկալող ընտանիքների հետ, որ բարեկամական կապը շարունակվում է նաև ծրագրի ավարտից հետո»,- ասաց Ֆիրդուս Զաքարյանը:
Անցնող 7 տարիների ընթացքում 5500 սփյուռքահայ պատանիներ և աղջիկներ են եկել Հայաստան, որոնց ընդունել է շուրջ 5000 ընտանիք:
Հյուրընկալ ընտանիքները ոչ միայն Երևանից են, այլև երևանամերձ` Կոտայքի, Արարատի, Արագածոտնի և Արմավիրի մարզերից: Այս հարցում Սփյուռքի նախարարությանը օգնում և աջակցում են մարզպետարաններն ու Երևանի վարչական շրջանները:
«Երևանում համայնքային պատասխանատուների հետ այցելում ենք հյուրընկալ ընտանիքներին՝ պարզելու համար, թե տվյալ ընտանիքը որքանով է պատրաստ երեխա ընդունելու: Իսկ մարզերում դա իրականացնում ենք մարզպետարանների աշխատակազմի հետ միասին: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ այս տարիների ընթացքում երեխաների կողմից որևէ դժգոհություն չի եղել»,-նշեց պարոն Զաքարյանը:
Հավելենք նաև, որ հյուրընկալ ընտանիքներում բնակվելը սփյուռքահայ պատանիներին և աղջիկներին օգնում է նաև ծանոթանալ հայկական ընտանիքների նիստուկացին, բարքերին ու սովորույթներին:

Այս նյութը դիտել են - 1424 անգամ