Թատերական անջրդի հանդում բոյբոյներն իրար մրցանակ են տալիս...
2016-03-27 23:32:00

Ախր, շա՜տ խնդալու է...

Ամեն տարի Թատրոնի միջազգային օրվա առիթով նույն մարդիկ հավաքվում են նույն վայրում ու իրար մրցանակ են տալիս...
Հա՛, մեկ էլ իրենց՝ սերիալներում խաղացող զավակներին:
Վերեւներում ինչ-որ հովանավոր են գտնում ու ամեն տարի իրար մրցանակ են տալիս: Եվ այսպես արդեն եսիմ քանի տարի...
Լա՛վ, դուք ձեզանից չեք ամաչո՞ւմ...գոնե ձեր չունեցած հանդիսատեսից ամաչե՛ք... Տիգրան Բ Մեծի որդի Արտավազդը հո ձեր ձեռը կրակը չի՞ ընկել, որ մեր թվարկությունից առաջ ողբերգություններ է գրել ու թատրոն ստեղծել Արտաշատում, էն էլ՝ հելլենիստական ոճի...
Մեռա՛ք հովանավորների փողերը լափելով ու ձեզ մրցանակ տալով (հետն էլ՝ էլիտար տներ առնելով):
Թատրոնների գեղարվեստական ղեկավարների մեծ մասը գրին քարտ ունի ու տարվա կեսը Ամերիկայում է, իրենց թատրոններերն էլ ընտանեկան կապալի սկզբունքով են ղեկավարում՝ չստեղծելով ոչ մի ակտուալ, արժեքավոր բեմադրություն; Ցմահ նստել են իրենց աթոռներին ու 19-րդ դարի գեղագիտությամբ ու պաթոսով ներկայացումներ են անում... Բայց ամեն տարի իրենք իրենց պարգեւատրում են... Հայտնի ֆիլմում Ֆրունզի օրինակով՝ «Լավ եմ արել, ես ինձ պարգեւատրել եմ»: Հետո՞...Դրանով հայ թատրոնը զարգանո՞ւմ է: Իհարկե, ո՛չ:
Սպառել եք ձեզ, պարոնա՛յք: Ե՞րբ եք ընդունելու այդ փաստը, որպեսզի կարողանա հայ թատրոնը հոգեդարձ լինել ու վերակենդանանալ: Թե չէ, Ճլոխանի մակարդակի ձեր բեմադրություններով մի կերպ կարողանալու եք կես դահլիճ «լցնել», ինչպես մինչեւ հիմա է եղել...

Մինչեւ Խորեն Աբրահամյանի մահը՝ 2004 թվականը, գոնե զգում էիր, որ թատրոնի հոտ ես առնում (անգամ երբ նա երկրում չէր): Հիմա «թատերական» հանդում միայն բոյբոյներն են մնացել ու իրենք իրենց համար խրախճանք են անում: Թատրոն, որտեղ տարվա մեջ նույնիսկ մի անգամ մտավորականը ոտք չի դնում (ուր մնաց՝ «սովորական» հանդիսատեսը): Թատրոն, որի փտած խաղացանկն արհամարհելով հաստիքային դերասանը փող է աշխատում հեռուստասերիալներում:
 
Գոնե ձեզ մի քիչ նեղություն տվեք ու հետեւեք այսօրվա ռուսական թատրոնների գործունեությանը: Այնտեղ արվեստի չափանիշները սրբորեն պահպանվել են եւ շա՛տ հետաքրքիր, արդիական գործեր են բեմ հանում եւ, ինչպես նախկինում՝ հիմա էլ տոմսերը մեկ ամիս առաջ վաճառված են լինում (ի դեպ, պետությունն էլ միլիոններ չի տալիս, սովորական բյուջե է): Տեսե՛ք, էլի...Գուցե դրանից հետո ամաչեք ինքնապարգեւատրումից, մանավանդ, երբ ձեզ միլիարդ էլ տան՝ ունակ չեք որեւէ արժեքավոր բան ստեղծելու:

Կիմա Եղիազարյան
7or.am
Այս նյութը դիտել են - 5463 անգամ