Բալասանյանն օրեր առաջ ինչպես Գյումրիի քաղաքապետարանում, այնպես էլ Գյումրիի գարեջրի գործարանում, որի տնօրենը որդին է՝ Միսակ Բալասանյանը, հայտարարել է, թե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է նաեւ իր որդին:
Միեւնույն ժամանակ, Բալասանյանը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ համաձայն փոփոխված Սահմանադրության՝ որդին չի կարող մեծամասնական ընտրակարգով առաջադրվել եւ, հետեւաբար, Ազգային ժողովում հայտնվելու համար Միսակ Բալասանյանը պետք է անդամակցի որեւէ կուսակցության:
Ինչպես հայտնի է, Սամվել Բալասանյանի ճակատին տարիներ առաջ «դաջված» էր ՕԵԿ, հետո այն ջնջվեց եւ փոխարինվեց ԲՀԿ-ով:
Նախորդ տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, Բալասանյանը լքեց նաեւ ԲՀԿ-ն: Հիմա հայր եւ որդի անկուսակցական են:
Մեր ունեցած տեղեկություններով՝ Բալասանյանին խորհուրդ են տվել որդուն Հանրապետական կուսակցության շարքերը համալրելու ուղղությամբ աշխատանքներ տանել: Բալասանյանը որոշել է որդու՝ կուսակցական դառնալու հարցերը լուծելուն զուգահեռ, նաեւ իր՝ կուսակցական դառնալու հարցը վերջնականապես կարգավորել: Բալասանյանի ընտրությունը մեծ չէ, եւ նա որոշել է ՀՀԿ-ական դառնալ:
Նշենք, որ Սամվել Բալասանյանի որդին քաղաքականությամբ երբեք չի զբաղվել: Հետեւաբար, ՀՀԿ-ի կողմից բացվելիք քաղաքական դպրոցի առաջին սաներից մեկը չի բացառվում՝ Միսակ Բալասանյանը լինի:
Այս նյութը դիտել են - 1736 անգամ