Տեղեկությունն այն մասին, թե Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում ընդունվել է որոշում՝ ստեղծել «քաղաքական դպրոց», առայժմ արժանացել է միայն զավեշտի ու վերածվել հումորային երկխոսությունների թեմայի: Բայց երբ ծիծաղը դադարի և մարդիկ տնտղեն իրենց հիշողության շերտերը, ապա անպայման կգտնեն միանգամայն լուրջ և մտորելու տեղիք տվող հետևություններ:
Ի վերջո, ի՞նչ բան է ՀՀԿ քաղաքական դպրոցը: Դա իր նշանակությամբ գրեթե նույն բանն է, ինչ Խորհրդային Միության օրոք ՍՄԿԿ բարձրագույն կուսակցական դպրոցն էր: Իսկ դա փաստացի այն դարբնոցն էր, որտեղ կրթվում և կյանքի ուղեգիր էին ստանում սովետական երկրի վերնախավի ներկայացուցիչները:
Այժմ խոսել Հայաստանում կուսակցական դպրոց հիմնելու անհրաժեշտության մասին, նույնն է, թե ակնարկել երկրում միակուսակցական համակարգի ձևավորման հեռանկարի հավանականությունը: Սրա հետ մեկտեղ սկիզբ է դրվում մի վտանգավոր մտայնության, համաձայն որի ցանկացած ոք, ով կկամենա քաղաքական կարիերա սկսել, պիտի նախ և առաջ ուսանի այդ դպրոցում, ինչն իր հերթին նշանակում է անդամագրում Հանրապետական կուսակցությանը:
Իմաստուն ժողովուրդն ասում է, որ մեծ փորձությունները սկսվում են աննշան դեպքերից: Այսօր նրանք, ովքեր հանգիստ ու անվրդով խոսում են ՀՀԿ քաղաքական դպրոցի մասին և դա ներկայացնում են իբրև մի շարքային ուսումնական հաստատություն, թերևս շատ դեպքերում իրենք էլ չեն գիտակցում, թե խոսքն ինչի մասին է ու ինչպիսի հետևանքների կարող է հանգեցնել «պարտիական դպրոց» ստեղծելու «անմեղ» ցանկությունը:
Այս պատմության մեջ ուրախացնում և մխիթարում է այն, որ դպրոցը կկրի Անդրանիկ Մարգարյանի անունը:
Ի վերջո, նորմալ մարդու անուն նման խայտառակ երևույթի հետ կապելը խայտառակություն կլիներ: