«Հետաքրքիր է, Մայր Աթոռը տեղյա՞կ է` ինչ է կատարվում»,
2016-03-28 14:09:00

Եկեղեցին արագաչափեր կտեղադրի՞

Հերթական Մեռելոցը կրկին առիթ տվեց մարդկանց խոսելու այն մասին, թե ինչու՞ իշխանությունները ոչ մի կերպ չեն ցանկանում նեղացնել եկեղեցուն ու վերացնել դրա առիթով սահմանված ոչ աշխատանքային օրը: Առավել տարածված է այն կարծիքը, որ դա արվում է հոգևորականների համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու նպատակով: Սակայն, ինչպես հայտնի է, մեր եկեղեցին ամենևին էլ Մեռելոցների հույսին չի մնացել: Տասնյակ այլ ձևեր կան մարդկանց գրպանները դատարկելու համար:

 

Ահա, օրինակ, Հաղարծինից ահազանգ է ստացվել այն մասին, որ այստեղ դեպի վանական համալիր տանող ճանապարհին արգելափակոց են (шлагбаум) տեղադրել և վերև բարձրացող յուրաքանչյուր մեքենայից 300 դրամ են գանձում: Նույն պատկերը կրկնվում է նաև Գոշավանքում: Սրա հետ մեկտեղ զբոսաշրջիկները դժգոհում են , որ Հաղարծինի հասարակական պետքարանը ևս վճարովի է:

«Հետաքրքիր է, Մայր Աթոռը տեղյա՞կ է` ինչ է կատարվում»,- հարցնում նրանք:


Դե իհարկե, տեղյակ է: Ինչպե՞ս կարող է տեղյակ չլինել, եթե նման կարգադրությունները գալիս են ամենավերևից: Իսկ ահա Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, մի հոգևորական, որ սիրում է բոլոր առիթներով հայտնվել եթերում ու ժամերով խոսել բարձր արժեքներից, հաստատել է, որ նման որոշում եկեղեցին է կայացրել տարածքում կարգ ու կանոն հաստատելու համար: Ըստ նրա՝ հիմնականում այդ հատվածում անընդհատ խցանումներ էր լինում, քանի որ երկկողմ էին մեքենաները կայանում, արդյունքում էլ վթարներ էին լինում, նաև՝ գողություններ:


Որ հոգևորականները արդեն սկսել են ոստիկանական գործառույթներ իրականացնել, սա չգիտեինք, թեև ոչ մի կերպ չենք կարող հասկանալ, թե այդ դեպքում զուգարաններու՞մ ինչ կարգուկանոն են սահմանել նրանք վճարի գին սահմանելուց հետո: Բայց մի բան կանող ենք վստահաբար պնդել: Եթե նման մոտեցումները պահպանվեն ու խորանան, ապա հեռու չէ այն օրը, երբ Էջմիածնին կարտոնվի նաև դեպի եկեղեցի տանող ճանապարհներին արագաչափ տեսախցիկներ տեղադրել: Դե իսկ դրանցից եկող շահույթն էլ հավասար ձևով կկիսեն:

 shame.am

Այս նյութը դիտել են - 1596 անգամ