Ինչու է Տարոն Մարգարյանը փողերը փոխանցում նույն հիմնադրամին
2016-03-28 14:45:00

 Տարոն Մարգարյանի շքեղ տունն ու գերթանկարժեք մեքենան

 
Քաղաքապետ Տարոն մարգարյանի տնօրինությամբ գործող «Երևան» հիմնադրամի միջոցով քաղաքապետարանն այս տարի էլ սոցիալական ապահովության ոլորտի ծրագրերի մի մասն է իրականացնում: Ավելի շուտ, ծրագրերի համար նախատեսված գումարները հատկացվում են Երևան հիմնադրամին՝ դրանք կատարելու համար, իսկ թե որքանով են կատարվում, այլ հարց է:

 Սոցիալական պաշտպանության ոլորտին Երևանի այս տարվա բյուջեից հատկացված է 1 մլրդ 888 մլն 656 հազար դրամ: Տարվա առաջին եռամսյակն ավարտվում է, այդ գումարից արդեն ծախսվել է ավելի քան 200 մլն դրամը: Երևանի ինտերակտիվ բյուջեից տեղեկանում ենք, որ հսկայական գումարներ են հատկացվել ինչպես «Երևան», այնպես էլ «Խութ» հիմնադրամներին: Ի դեպ՝ 2015 թվականից Տարոն Մարգարյանը «Խութ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

 Սոցիալապես անապահով անձանց աջակցություն ծրագրով Երևան հիմնադրամին 400 հազար դրամ է հատկացվել, իսկ Խութ հիմնադրամին՝ 7 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, այս ծրագրի համար Խութ հիմանդրամի հետ 28 մլն դրամանոց պայմանագիր է կնքվել այս տարվա համար:

 Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանգստի կազմակերպում կետով էլ Երևան հիմնադրամին 850 հազար դրամ է վճարվել: Նույն ծրագրով «նվիրատվություններ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տողով նաև 28 մլն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքվել Խութ բարեգործական հիմնադրամի հետ: Այդ գումարից 7 մլն դրամն արդեն վճարվել է:

 Առանձնապես աչքի են ընկնում սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական և հիշատակի օրերին աջակցություն ծրագրով արված հատկացումները: Երևանի բյուջեից այս ծրագրի իրականացման համար մի շարք հատկացումներ են կատարվել Երևան հիմնադրամին, նմանօրինակ ծառայության համար տարվա կտրվածքով կնքվել են մի քանի պայմանագրեր՝ 15 մլն, 12 մլն, 13 մլն, 10 մլն և 24 մլն դրամ արժողությամբ: Արդեն կատարվել են մի քանի վճարումներ՝ 9 մլն 200 հազար, 1 մլն 140 հազար, 3 մլն 700 հազար դրամ արժողությամբ:

 Նույն հոդվածով Խութ բարեգործական հիմնադրամի հետ 14 մլն դրամի պայմանագիր է կնքվել, որից 1 մլն 650 հազար դրամն արդեն վճարվել է:

 Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը խնդրահարույց է համրում Տարոն Մարգարյանի՝ Երևան հիմնադրամին գումարներ հատկացնելու հարցը: «Ինքը համայնքային ենթակայության հիմնադրամ չէ, սովորական հիմնադրամ է: Վերջին քննարկումներից մեկի ժամանակ ես ասացի՝ ես էլ եմ հիմնադրամ բացում, ի՞նչ անեմ, սենյակում նստեմ, որպեսզի դուք իմ հաշվեհամարին այդքան մեծ փոխանցումնե՞ր անեք: Սա համայնքային հիմնադրամ չէ, կամ փոխեք ու համայնքային դարձրեք, իսկ համայնքային դարձնելու համար ավագանու որոշում է պետք, կամ էլ բացատրեք, թե ինչու եք անընդհատ նույն հիմնադրամին տալիս»,- Lragir.am-ին ասաց Սաֆարյանը:

 Նրա խոսքով՝ բացի ավագանու հաստատումից, համայնքային լինելու համար քաղաքացիները պետք է լինեն այդ հիմնադրամի համահիմնադիրը, սա է օրենքի սահմանումը: «Իսկ այն, ինչ ստեղծվել է, սովորական հիմնադրամ է, բայց պարզվում է, որ այդքան էլ սովորական չէ, որովհետև միշտ իր միջոցով են ծրագրերն իրականացվում»,- ընդգծեց նա:

 Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները պետք է հիմնավոր պատճառաբանություն բերեն, թե ինչո՞ւ են հարյուրավոր հիմանդրամներից հենց Երևան հիմնադրամին հատկացնում գումարները, կամ ինչո՞ւ Երևանի սիմվոլը պետք է այդ հիմանդրամի սիմվոլը լինի, իսկ հիմնադրամը պետք է գրանցված լինի Երևանի քաղաքապետարանի շենքում: 

lragir.am

Այս նյութը դիտել են - 1814 անգամ