Ոռոգման ջրանցքը դարձել է աղբարկղ
2016-03-28 18:21:00

«Տարիներ առաջ մի զբոսաշրջիկ էս ջրանցքի մոտով անցնում էր, չդիմացավ, զարմացած հարցրեց՝ սա՞ է Ձեր Հայաստանը»,- հիշում է Բուռնազյան փողոցի բնակիչ Ռուդիկ Մեղրյանը:

Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցի բնակիչներն ապրում են երկու ջրանցքների «արանքում»: Մի ուղղությամբ հոսում է Ողջաբերդ գետը, մյուս կողմից էլ՝ Արտաշատի մայր ջրանցքը (ջրանցքի երկարությունը 56 կմ է, որից 12 կմ-ն հոսում է Երևանով): Ողջ տարին աղբարկղին փոխարինող այս ջրանցքը ոռոգման ջուր է հասցնում Արարատի մարզի մի շարք համայնքների:

Վերևում պատկերված տեսարանը լուսանկարել ենք փետրվար 20-ին: Այդ օրերին Բուռնազյան փողոցով հոսող ջրանցքի սկզբնամասից մինչ դրա տեսանելի ավարտը միայն թիթեղյա շշեր, աղբով լի տոպրակներ և այլ կենցաղային իրեր էին:

Ջրանցքի մաքրման աշխատանքներից երկու շաբաթ է անցել: Ջրանցքը կրկին վերադառնում է նախկին տեսքին: Ինչպես նշում էին տարածքում հավաքված բնակիչները՝ տրակտորով չեն կարողացել ջրանցքըամբողջովին մաքրել։ Այն հրել են դեպի պատը, այնուհետ, չկարողանալով  դուրս բերել, մաքրողները հեռացել են: Ջրանցքից դուրս բերված աղբի մնացորդներն էլ բնակիչներն են մաքրել: Կարեն Նիկոյանը անձամբ է օգնել հարևանուհիներին հավաքել աշխատողների թողած աղբը. «էն օրը ջրանցքը մաքրել էին, մի հատ էս վերևի հատվածի վիճակը տեսնեինք: Իրանցից հետո հարևանների հետ շլանգով եկել, մաքրել, աղբը հետ ենք լցրել ջրանցքը: Էս թաղամաս սկի աղբի մեքենա չի մտնում, իրանց համար գլոբուսից  դուրս տեղ ա»:

Բնակիչները չեն կարողանում աղբ թափողներին «հայտնաբերել» դեպքի վայրում:  Անգամ Արմիկ Գրիգորյանը, ով բնակվում է ջրանցքին կից տանը, թաղապետարանին խնդրել է՝ իր ավտոտնակի մոտ տեսախցիկ տեղադրել, հայտնաբերել աղբ թափողներին և տուգանել։ «Ամբողջ օրը հարևաններին ասում եմ՝ եթե հանկարծ տեսնեմ՝ մեկդ ջրանցքում աղբ եք գցում, ձեզ խայտառակ կանեմ: Ամբողջ օրը ժամապահի նման կանգնած եմ, որ հանկարծ զիբիլ չթափեն: Շատերը նեղանում են, բայց ինչ անեմ, մի լուսամուտ չես կարողանում բացել»,- նշում է կինը:

Բնակիչներից ոմանք փորձել են աղբը այրել, սակայն երբեմն այդ գործընթացը բարեհաջող ավարտ չի ունեցել,  քանի որ բռնկված հրդեհը մարելու են հասել հրշեջները:

Կա ևս մեկ հանգամանք. հոսող ջուրն իր հետ բերում է կիլոմետրեր ձգվող ջրանցքի աղբը, որը դեմ է առնում այստեղ գտնվող պատին: Դրա հետևանքով էլ ամբողջ աղբը հենց այստեղ է կուտակվում: Բնակիչները համոզված են՝ մի օր արթնանալու են և տեսնեն՝ ջրանցքի ջուրը իրենց տներ է հասել, քանի որ խորքային հատվածներում կուտակված աղբը ջրի հոսքին խոչընդոտելու է:

Պարզաբանում են պատասխանատու անձիք

Բնակիչների պահանջն է՝ ջրանցքին կից աղբարկղեր տեղադրել և ջրանցքի այս հատվածը մաքրել ոչ թե տարին մեկ, այլ մի քանի անգամ: Ասում են՝ աղբարկղերի համար տարիներ շարունակ դիմել են Էրեբունի վարչական շրջանի թաղապետարան, այժմ նաև՝ «Սանիտեկ» ՍՊԸ, սակայն երկու տեղից էլ խոստացել են այցելել ու չեն այցելել:

Այս դիտարկմանը հակադարձում է թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Էդվարդ Ենոքյանը. «Մինչ օրս Բուռնազյան փողոցից թաղապետարան զանգ չի եղել, քանի որ նման կարգի խնդիր չկա, որ աղբաման չունենանք, չկարանանք տեղադրենք: Եթե ինչ-որ մի տեղ ուզում են աղբաման տեղադրվի, էդ խնդրանքը 100%-ով բավարարվում ա»:

Ենոքյանը մեզ առաջարկում է իր հեռախոսահամարը փոխանցել Բուռնազյան փողոցի բնակիչներին, որպեսզի կապվեն իր հետ, միասին որոշեն՝ որտեղ են ցանկանում նոր աղբարկղեր տեղադրվի: Առարկություններ չլինելու դեպքում՝ այս գործընթացն արագ կերպով կկազմակերպվի:

Ջրանցքի մաքրման աշխատանքները կատարում է «Սևան-Հրազդանյան-Ջրառ» ՓԲԸ-ն: ՓԲԸ-ի տնօրեն Սամվել  Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ջրանցքը տարին մեկ անգամ հիմնական մաքրվում, նորոգվում է, իսկ էքսկավատորի միջոցով պարբերաբար դուրս են բերվում լողացող աղբերը:

Ս.Հովհաննիսյանն ասում է, որ հատվածներ կան, որոնք տեխնիկապես հնարավոր չէ մաքրել։ «Բնակիչներն ավելի լավ է մտածեն աղբը ջրանցք չլցնելու մասին: Ժամանակն է, որպեսզի հասկանան՝ դա աղբատար չէ, ջրատար է, որը բերք է դառնում, իրենք օգտվում են»,- հորդորում է տնօրենը:

Մաքրման աշխատանքները սկսվել են Ազատի ջրամբարից հետո, որպեսզի  մշակելի հողերին ոռոգելի ջուր հասցվի, և մինչ ջրանցքի մաքրման աշխատանքների ավարտը, երևանցիները ջրանցքը կրկին աղբանոցի վերածած չլինեն. «Պարզաբանեմ, որ Երևանի հատվածը առավել ուշ ենք սկսում մաքրել, քանի որ,եթե Երևանը շուտ մաքրենք, նորից աղբ են թափելու: Դրա համար ստիպված վերջում ենք մաքրում: Չեմ թաքցնում, որ այդ աղբը, որ լցնում են ջրանցքը, գոնե այդ ժամանակ չի մնա մեջը, ջուրը կքշի, կտանի և կուտակման տեղերից կարողանանք տեղափոխել»,- նշում է Ս.Հովհաննիսյանը:

Որքան էլ բնակիչները մեղադրեն տարբեր գերատեսչությունների, մի բան ակնհայտ է, որ ջրանցքի մեջ աղբը լցնում են բնակիչները։ Բուռնազյան փողոցի բողոքող բնակիչներից 50-100 մետր հեռավորության վրա՝ Ռոստովյան փողոցում, աղբարկղեր են տեղադրված:

Դիանա Ղազարյան

Լուսանկարները՝ Հերմինե Վիրաբյանի

hetq.am

ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Այս նյութը դիտել են - 1593 անգամ