Ինչպե՞ս կարելի է սիրել մի երկիր, որտեղ մարդն իր իսկ արժանապատվությունը վաճառում է 5000 դրամով...
2016-03-28 22:51:00

   Ես էլ  չեմ սիրում Հայաստանը։

Դե հիմա հերթով ինձ քարկոծեք և ջնջեք ձեր ընկերների ցուցակից, բայց բացատրությունս կարդալուց հետո։
Ինչպե՞ս կարելի է սիրել մի երկիր, որտեղ մարդն իր իսկ արժանապատվությունը վաճառում է 5000 դրամով ու հետո իր ընտրածից բողոքում։

Ինչպե՞ս կարելի է սիրել մի երկիր, որտեղ կնոջ օրը համեմված է թույնով, ստորությամբ, անարգանքով, հայհոյանքով, ծեծով...

Ինչպե՞ս կարելի է սիրել մի երկիր, որտեղ կենդանուն վերաբերվում են ամենաստոր ձևով։ Դեռևս դպրոցական տարիներից իմ մեջ տպավորված էր, որ կենդանիներն են իրենց պահում կենդանու նման։ Նայում եմ արյունաքամ լինող շունիկներին ու ... ավելի զզվում... 
Ինչպե՞ս կարելի է սիրել մի երկիր, որտեղ ոստիկանը կարգապահություն ստեղծելու փոխարեն ոտքով հարվածում է կնոջ գլխին, երբ այդ նույն ոստիկանը պետք է հարվածողին ձերբակալի։
Ինչպե՞ս կարելի է սիրել մի երկիր, որտեղ աղբամանները համարվում են զարդ, իսկ աղբը թափվում է աղբամանների շրջակայքում։

Ինչպե՞ս կարելի է սիրել մի երկիր, որտեղ բժիշկը բժիշկ է դառնում փողով, ինչի արդյունքում նույն օրը, նույն պատճառով, նույն հիվանդասենյակում 2 փոքրիկ, անմեղ արարածներ են մահանում բուժքրոջ անգրագիտության հետևանքով և բուժքույրը մինչ օրս վայելում է ոչ միայն ազատությունը, այլ նաև աշխատանքն է շարունակում։

Ինչպե՞ս կարելի է սիրել մի երկիր,երբ չես կարող ուսում ստանալ, գումար չունենալու պատճառով։
Ինչպե՞ս կարող ես սիրել մի երկիր, որտեղ բիգուՁիներով տոլմա փաթաթելը ցածր խավ է համարվում։

Ինչպե՞ս կարելի է սիրել մի երկիր, որտեղ 1 կիլոգրամը հավասար է 850 գրամի։

Ինչպե՞ս կարելի է սիրել մի երկիր, որտեղ օրենքով մեքենա վարելը համարվում է «ղզիկություն»։

Ինչպե՞ս կարելի է սիրել մի երկիր, որտեղ փտած հասարակությունը երեխայի թոթովանքը համեմում է հայհոյանքով և հպարտանում։ (Բալես հլը էս ձյաձյաին ասա)։

Ինչպե՞ս կարելի է սիրել մի երկիր, որտեղ հողին են հավասարեցնում պատմական արժեքները և փոխարենը սաունա, ռեստորան կամ էլիտար (ի դեպ անհասանելի ժողովրդին) շենքեր են վեր խոյացնում։

Ինչպե՞ս կարելի է սիրել մի երկիր, որտեղ աղքատությունը համատարած է, աշխատատեղիներ չկան, բայց եկեղեցիների քանակը աճում է սնկի պես։
Ու այսպես անդադար «ինչպե՞ս»ներ։ Հա, մեկ էլ
Ինչպե՞ս կարելի է սիրել մի երկիր, որտեղ լրբերը սրբեր են դառել, սերը սրբել են՝ տարել։

Հայարփի Քարամյանի ֆեյսբուքյան էջից
 
Այս նյութը դիտել են - 1813 անգամ