Օրեր անց Վաշինգտոնում անվտանգության բացառիկ պայմաններում մեկնարկելու է երկրի անվտանգությանը նվիրված հիմնական միջոցառումը՝ Միջուկային անվտանգության գագաթաժողովը: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից հյուրընկալվող այս միջոցառմանը մասնակցելու է 51 երկրի ղեկավար, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով այս օրերին գտնվում է աշխատանքային այցով Բոստոնում:
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Թոմաս Քանթրիմանի խոսքով, գագաթաժողովի ուշադրության կենտրոնում են լինելու մասնավորապես միջուկային ահաբեկչությունը կանխարգելելու միջոցները.
«Միջուկային անվտանգության գագաթաժողովը կարեւոր դեր ունի ԱՄՆ-ի ռազմավարության մեջ, որի նպատակն է բացառել ահաբեկիչների կողմից միջուկային զենքի տարրեր ձեռք բերելու հնարավորությունը»:
Փորձագետների խոսքով, ահաբեկիչների կողմից նույնիսկ տարրական ատոմային ռումբի ստեղծումը մահացու վտանգ կլինի ողջ մարդկության համար:
Քանթրիմանի խոսքով, Միջուկային անվտանգության գագաթաժողովի ընթացքում նախատեսվում է մի շարք կարեւորագույն որոշումներ ընդունել, որոնք կնվազեցնեն միջուկային զենքը՝ ահաբեկիչների ձեռքն ընկնելու հնարավորությունը.
«Միջուկային ահաբեկչությունն այն հարցերից է, որոնց վտանգն անհնար է որակել, չեմ կարող ասել, որքան է միջուկային ահաբեկչության հավանականության աստիճանը, սակայն միանշանակ, մենք կարող ենք այն նվազագույնի հասցնել»:
Գագաթաժողովի ընթացքում նախատեսվում է քայլեր ձեռնարկել, բոլոր ռազմական եւ քաղաքացիական միջուկային օբյեկտների անվտանգության մակարդակը որակապես բարձրացնելու ուղղությամբ: Դեսպան Բոննի Ջենկինսի խոսքով, այդ անվտանգությունը պետք է լինի համակարգված եւ կառուցվածքային.
«Ապագայում մենք պետք է ամրապնդենք միջուկային անվտանգության համաշխարհային կառուցվածքը, այլ ոչ թե առանձին քայլեր կատարենք այդ ուղղությամբ»:
Պետքարտուղարության ներկայացուցիչների խոսքով, նախագահ Օբամայի նախաձեռնությունը հանդիսանալով, մարտի 31-ին մեկնարկող չորրորդ Միջուկային անվտանգության գագաթաժողովը լինելու է վերջինը նման ձեւաչափով, մինչդեռ միջուկային անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը անպայման շարունակվելու են:
«Ամերիկան վճռական է շարունակել ամբողջ աշխարհի հետ գործընկերությունը՝ այս աշխարհն ավելի անվտանգ տեղ դարձնելու նպատակով», - նշել է Թոմաս Քանթրիմանը: