Անախորժ ամպեր են կուտակվում Փաշինյանի նորաստեղծ կուսակցության ներսում. «Հայոց աշխարհ»
2016-03-29 02:43:00

«Մինչ Նիկոլ Փաշինյանը, որպես Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի ղեկավար, ակտիվորեն ներգրավված է Հրազդանի քաղաքապետի ընտրության գործընթացում, անախորժ ամպեր են կուտակվում նրա նորաստեղծ կուսակցության ներսում:

Մեր ունեցած տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դժգոհություններ են խմորվում, ու այդ դժգոհությունները մի քանի շարժառիթ ունեն:

Շարժառիթներից առաջինը փողն է: Բանն այն է, որ կուսակցության ակտիվիստների կարծիքով, «Քաղաքացիական պայմանագրի» ֆինանսական շարժը այնքան էլ «թափանցիկ» չէ: Նրանցից ոմանք մտավախություն ունեն, թե Նիկոլ Փաշինյանը կուսակցության գործունեությունը ֆինանսավորելու լուրջ աղբյուրներ ունի, որոնք, սակայն, մնում են խորհրդավոր, ինչն էլ հարցերի եւ դժգոհության տեղիք է տալիս:

Հնարավոր է, որ ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանն այնքան էլ չէր կատակում, երբ ասում էր, թե Նիկոլ Փաշինյանն իրականում իրենց «ախպերն ա»: Այսինքն՝ դժգոհողները չեն բացառում, որ Ն.Փաշինյանին կարող է եւ իշխանության ինչ-որ շրջանակներ կամ իշխանության հետ առնչություն ունեցողներ որոշ չափով ֆինանսավորում են:

Ուրիշներն էլ կարծում են, թե կարող է գործարար Խաչատուր Սուքիասյանն է որոշ չափով օգնում:

Հիմնական մտահոգությունն էլ այն է, որ խորհրդավոր ֆինանսավորողներն ինչ-որ պահի իրենց ցանկացած կողմ կուղղեն կուսակցության գործունեությունը: Ու կստացվի, որ նոր կուսակցության ձեւավորման ու քաղաքական դաշտում հաստատվելու վրա աշխատած ակտիվիստները ինչ-որ մեկի «մեծ խաղի» շարքային մասնակիցներն էին եւ նրանց պարզապես օգտագործում էին այդ «մեծ խաղի» համար:

Բայց փողի հետ կապված խնդիրներով անախորժությունները չեն ավարտվում:

Մի ուրիշ գլխացավանքի պատճառ է դառնում «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական կուսցուցակը: Դա դեռ պիտի կազմվի, բայց արդեն «Քաղաքացիական պայմանագրի» ներսում դեռեւս խուլ դժգոհությունների խմորման առիթ է դարձել:

«Քաղաքացիական պայմանագիրը», որ հայտարարել է 2017-ի ԱԺ ընտրություններին միայնակ, առանց դաշինքի մասնակցելու մասին, իշխանության գալու կամ ամենաքիչը՝ շոշափելի հաջողություն գրանցելու հավակնություններ է ցույց տալիս: ԱԺ հաջորդ ընտրությունները 100 տոկոս համամասնական են լինելու, այսինքն՝ կուսակցական ցուցակներով:

Ու Նիկոլ Փաշինյանը, այդ հավակնություններից ելնելով, բազմաթիվ մարդկանց այդ ցուցակում տեղ է խոստացել: Ակնհայտ է, որ ցուցակը «կախարդական» կամ «բեզռազմեռ» չէ, ու, նույնիսկ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» հաջողության հասնի, բոլորի հերթը պատգամավորի մանդատին չի հասնի: Եվ ցուցակում «անցողիկ տեղի» խոստում ստացածներն անհանգստացած են, որ իրենց մտադիր են «քցել»:

 

 

Այս նյութը դիտել են - 1465 անգամ