Քաղաքային իշխանություններին հանգիստ չի տալիս մի կերպ կանաչ Երևանը:
Երեխաների իրավունքների պաշտպանության հիմնադրամի նախագահ Կարինե Անտոնյանը Երվանդ Քոչարի 11 շենքի բակում է. «Ստեղ ցելի անտառ ոնց որ լիներ, եքա բարձր խոտ, հիմա դա չկա»:
Երվանդ Քոչարի 11 շենքի բակում մնացել է մի քանի ծառ, դրանք վերջին մեկ ամսում էտվել են մի քանի անգամ:
Բնապահպանության նախարարության աշխատակիցը լսել է, որ ինչ-որ բան այն չէ, եկել է: Սակայն այնպես չէ, որ պատրաստ է օգնել ծառերի պաշտպաններին. «Եթե բնապահպանության վարչության պետի մասնագիտական եզրակացությունը կա, արդեն… Հասկացանք»:
Երվանդ Քոչարի 11 շենքի դիմացի ծառերը կարծես կանգնած սպասում են ինչ-որ մեկի դատավճռին: Էտողներն արդեն տեղում են, պատրաստ են անցնել գործի: Շենքի բնակիչ Վրույր Մկրտչյանը գիտի, որ էտելով չեն բավարարվի. «Էս տարածքում էս երեք-չորս հատ ծառն ա մնացել, ուզում են դրանից էլ մեզ զրկել»:
Նախկին կանաչապատ այս բակից, որտեղ թռվռում էին երեխաները եւ տատիկներն էին միմյանց տեղեկություններ փոխանցում, մնացել է տաղավարի կմախքը. «Տեղեկություններ ունենք, որ կտրում են ինչ-որ իրանց համար օբյեկտ սարքելու համար»:
Հիմա բակն ավելի շուտ աղբանոց է հիշեցնում: Մի քիչ ավելի խորք ընկած հարեւան շենքի բակը վաղուց է շարժում Երվանդ Քոչարի 11 շենքի բնակիչների նախանձը։
Ծառերն այստեղ մահանում են կանգնած: Քաղաքապետարանի կանաչապատողները կարող էին խելքի բերել երկու տարի առաջ որդի կերած ծառը, որն արդեն նման է գանգրենա ընկած ոտքի։
Այս շենքի փողոցային հատվածն ամբողջությամբ աղբի մեջ է, մոտերքում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որտեղ մեկ շաբաթ առաջ տոնվող Ծաղկազարդի հետքերն աղբի տեսքով շենքի բակում են, որպես «ավելի կանաչ Երեւանի» մեռած խոստում: