Ոստիկանները հեռացրին Ազատության հրապարակում տեղադրված վրանը
2015-12-08 19:18:00

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի աջակիցներն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ազատության հրապարակում վրան տեղադրեցին, որը սակայն ոստիկաններն արագ հեռացրին հրապարակից:

Ոստիկանների գործողություններից հետո Ազատության հրապարակում մի պահ խառնաշփոթ սկսեց:

Ընդդիմության միանական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, սակայն, հրապարակում հավաքված քաղաքացիներին հորդորեց դիմադրություն ցույց չտալ ոստիկաններին:

«Հերթական անգամ ցույց տվեցինք աշխարհին` Հայաստանում ինչպիսի անմարդկային ռեժիմ է ղեկավարում, եւ օր առաջ պետք է հեռացնել այս իշխանությունը, եթե ոչ, ապա ժողովուրդը կընդվզի»,– ասաց Սեֆիլյանը` մեկնաբանելով վրանը հեռացնելու ոստիկանների գործողությունները։

Միջադեպից հետո ոստիկանների թիվը հրապարակում կտրուկ ավելացավ։ «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը ոստիկաններին հորդորեց մեծ ուժեր չկենտրոնացնել հրապարակում, քանի որ այսօր այլեւս վրան տեղադրելու փորձ չեն անելու։

«Ժառանգություն» կուակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ վրան տեղադրելու փորձն ընդամենը իշխանության հանդուրժողականության թեստ էր` ցույց տալու, թե որքանով է մարդկային նրանց վերաբերմունքը եւ որքանով են պաշտպանված քաղաքացիների սահմանդրական իրավունքները։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեկտեմբերի 9-ին, 10-ին, ժամը 17:00-ին եւս լրագրողների հետ կարճ հանդիպումներ կանցկացնի: Իսկ դեկտեմբերի 11-ին հրավիրված հավաքին կհայտարարի իրենց հետագա ծրագրերի մասին:

Այս նյութը դիտել են - 1657 անգամ