Հանրապետական կուսակցությունը գործազուրկ Արմեն Աշոտյանի համար վերջապես զբաղմունք գտավ:
Ասել են, որ նա պիտի համակարգի ՀՀԿ քաղաքական դպրոցը, որի գոյության անհրաժեշտությունը որքան կասկածելի է, նույնքան էլ մշուշոտ է դրա հեռանկարը: Սակայն յուրայիններին պարապ չթողնելու համար ՀՀԿ-ն կարող է գնալ նման զոհաբերումների: Մնում է, որ այդ ամենը ծանր հետքեր չթողնի կուսակցության հեղինակության վրա:
Բանն այն է, որ ցանկացած դպրոց նախ և առաջ պիտի ունենա ուսանելու որոշակի առաջնահերթություն և բանիմաց կադրերի բազա: Որքան էլ Աշոտյանը համոզի, թե իբր քաղաքական դպրոց ստեղծելու գաղափարը «վաղուց եփվող և իր կողմից բյուրեղացված» նախաձեռնություն է, ՀՀԿ-ում գիտեն Աշոտյանի եփած ճաշերի համը, ինչը քիչ բանով է տարբերվում նրա գրած երգերից և նրա վարած հեռուստաշոուներից:
Սրա հետ մեկտեղ էլ կանխատեսվում է բանիմաց կադրերի սուր պակաս: Եվ այդ մասին Աշոտյանն ինքն է խոստովանել: Լրագրողների այն հարցադրմանը, թե արդյոք դպրոցում դասավանդելու են ԱԺ ՀՀԿ պատգամավորներ Առաքել Մովսիսյանը (Շմայս), Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) և Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), Աշոտյանը բացասական պատասխան է տվել: «Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը և Սամվել Ալեքսանյանը ոչ ուսանելու, ոչ էլ դասավանդելու են քաղաքական դպրոցում»,- ասել է նա:
Եթե Հանրապետականի կարկառուն ներկայացուցիչները որևէ մասնակցություն չեն ունենալու քաղաքական դպրոցի կայացման գործում և իրավիճակը պիտի փրկեն դրսից հրավիրված մասնագետները, ապա այդ դպրոցն ինչքանո՞վ կարելի է ՀՀԿ-ական անվանել: Ահա այս հարցին Արմեն Աշոտյանը դեռ պատասխան չունի:
Այս նյութը դիտել են - 1857 անգամ