ՄԻՊ-ը թուրքից չի վախենում, հայից է վախենում....
2016-03-30 10:44:00

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Թուրքիայի իշխանությունը պետականացրել է, որն առաջացրել է Հայաստանի հանրության մեծ մասի դժգոհությունը: Այդ դժգոհողների շարքում է նաև նորանշանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Արդեն պաշտպանի գրասենյակից տեղեկացրել են, որ հարցը ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում է, ու պաշտպանի հանձնարարականով իրավիճակն ուսումնասիրվում է: Պետք է սպասել, որ մոտ օրերս Թաթոյանը հայտարարությամբ հանդես կգա, ապա մի երկարաշունչ նամակ կհղի իր թուրք գործընկերջը՝ մեջբերումներ կատարելով զանազան միջազգային իրավական փաստաթղթերից:


Հայկական եկեղեցու հետ կապված պատմությունը հրաշալի պատրվակ է ցուցադրելու, թե որքան հայրենասեր ու սկզբունքային տղա է մեր նոր ՄԻՊ-ը: Նա թուրքերի դեմ պայքարելու համար ոչ մի բանի առաջ կանգ չի առնի, առավել ևս, որ վտանգված են պատմական հայրենիքի մշակութային արժեքները: Ու երբ ցանկալի աղմուկ-աղաղակը բարձրանա, այդ ձայների մեջ կխլանան նույնիսկ ամենամոտիկ կանչերը:


Իսկ մոտիկ կանչերը քիչ չեն: Հենց մեր աչքի առաջ, Երևանի կենտրոնում, ամեն օր ոչնչացվում են երկրի ու քաղաքի պատմության քարե վկայությունները: «Հանրային գերակա շահ» կասկածելի պահանջի ներքո քանդվում, հողին են հավասարեցվում շինություններ, որոնք իրենց արժեքով չեն զիջում Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցուն: Սակայն Արման Թաթոյանը դրանք ոչ տեսնում է, ոչ էլ ցանկություն ունի տեսնելու: Երևանյան անարդարություններին միջամտելը նրա համար ավելի վտանգավոր է, քան թուրքերի դեմ կռվի ելնելը: Իսկ պաշտպանը միշտ էլ նախընտրում է անվտանգ կյանքը:

shame.am

Այս նյութը դիտել են - 1403 անգամ