Նա սկսել է ամեն օր դաս սովորել, ու հիշողությանս մեջ այդ օրն է:
7-րդ դասարանում, դեռ դասամատյանը չբացած, նկատում եմ նրան, որ ձեռք էր բարձրացրել: Ուրախացա, որ այդ թույլ կարողությունների տեր աշակերտը դաս էր սովորել, բայց ձեռքով ու հայացքով հասկացրի, որ մի քիչ սպասի, կհարցնեմ: Նա նստեց ու հանկարծակի սկսեց արտասվել:
Բոլորս զարմացած նայում ենք նրա կողմը: Կողքին նստած աշակերտն ասաց, որ այդ օրը նրա քեռու ծննդյան օրն է: Էլ ավելի զարմացա… Որքանո՞վ կապ ուներ հայոց լեզվի դասը այս երեխայի քեռու ծննդյան տարեդարձի հետ:
Բարձրաձայն լսելի էր արդեն նրա հեկեկոցը, իսկ կողքին նստած աշակերտը նորից պարզաբանում է` քեռին զոհված է: Համատարած լռություն է տիրում, բայց բոլորիս հայացքներում անհասկանալի հարցականներ կան: Վերջապես սպառվում են մեզ հետաքրքրող հարցերը. նա տնային հանձնարարությունը չէր կատարել:
Ծաղիկ, գարուն, երիտասարդ, զինվոր և նման տիպի մի քանի գոյականներ, որ պիտի գործածվեին նախադասությունների մեջ, այդպես էլ մնացել էին տետրում գրված: Հանգստացնում եմ նրան, ոչինչ, որ չի գրել, բայց մտածում եմ, իսկ գուցե ծաղիկ հասակում նահատակված զինվորի՞ մասին է ցանկացել կազմել նախադասությունները, զինվոր, որ դեռ քանի~-քանի գարուններ պիտի ապրեր:
Գրատախտակի մոտ եկած աշակերտները տարբեր գոյականներ են հոլովում, իսկ ես նայում եմ գլուխը նստարանին հակած իմ աշակերտին և մտովի հոլովում եմ բառը, որ ինձ համար դառնում է ԶԻՆՎՈՐ...Ես տեսնում եմ աչքերի արցունքները սրբող իմ աշակերտին, ու նորից ԶԻՆՎՈՐ-ը գործածվում է նախադասությունների մեջ` ուղղական հոլովում` ԶԻՆՎՈՐ-ը դառնում է երկրի սյունը, սեռականում` ԶԻՆՎՈՐ-ի ձեռքին զենք կար, տրական հոլովում` հանդիպում ենք ԶԻՆՎՈՐ-ին, հայցականում անչափ սիրում ու պաշտում ենք ԶԻՆՎՈՐ-ին, բացառական հոլովում` ԶԻՆՎՈՐ-ից է սկսվում հայրենիքը, գործիականում` հպարտանում ենք ԶԻՆՎՈՐ-ով....Չնայած ներգոյական հոլովում ՆԱ չկա, բայց բառը նորացվում է, ու ապագա ԶԻՆՎՈՐԻ կերպարի մեջ տեսնում եմ իմ այս աշակերտին:
Դասաժամը վերջանում է, նայում եմ նրա կողմը, զգում եմ, որ արդեն հանգիստ է, ու մտովի ես նրան տեսնում եմ տարիներ անց` զինվորական համազգեստով... Բայց գիտեմ նաև` նա չի մոռանա հայոց լեզվի այդ դասաժամը, որ ողողել էր իր սրտաբուխ ու մաքրամաքուր արցունքներով...Այս նյութը դիտել են - 3229 անգամ
Դուրս եկա դասարանից` օրեր առաջ նահատակներին ուղղված մեր աշակերտների խոսքերի արձագանքն իմ հոգում:
Հայրենիքը կապույտ հորիզոնների անսահմանությունն է ու երկնակարկառ լեռների քարեղեն հավերժությունը:
Հայրենիքը մեր նախնիների հերոսապատումներով հարստացած հնօրյա մագաղաթ է ու Արցախյան ազատամարտի նահատակների արյունով սրբագործված նշխար:
Հայրենիքը մեր բոլոր ազատամարտիկների անցած հերոսական
ճանապարհն է, նրանց մասին հիշողությունն ու սահմանում կանգնած մեր նորօրյա ԶԻՆՎՈՐԸ:
Հայրենիքը մեր սիրելի զավակների թարմ շիրիմներն են ու նրանց տունդարձին սպասող քաջասիրտ մայրերը…
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի