Վաշինգտոնը պատրաստվում է Միջուկային անվտանգության գագաթաժողովին
2016-03-31 09:11:00

Վաշինգտոնում անվտանգության արտակարգ պայմաններում մեկնարկում է Միջուկային անվտանգության գագաթաժողովը: Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները կրկին հիշեցրեցին զարգացած աշխարհին Դաեշի նման ծայրահեղականների խմբերի վտանգի մասին:

Հենց այդ վտանգը, մասնավորապես, միջուկային ահաբեկչությունը ցացառելու խնդիրն է քննարկվելու Վաշինգտոնում անցնող գագաթաժողովում ավելի քան 50 պետությունների ղեկավարների կողմից:

«Միանշանակ, Դաեշի կողմից միջուկային նյութերի ձեռքբերման արգելափակումը առաջիկա քննարկումների մասն է լինելու», - նշել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնսթը:

Մասնավորապես, քննարկվելու է միջուկային նյութերի անվտանգության ապահովման նոր միջոցները:

«Անցած տարիներին միջուկային նյութերի ապահովության համար հսկայական գործ է կատարվել ամբողջ աշխարհով մեկ, սակայն, դրանց լիակատար անվտանգության ապահովման համար դեռ անելիքներ կար», - ասում է Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբան Շարոն Սքվասոնին:

Նախագահ Օբամայի նախաձեռնությամբ սկսված միջուկային անվտանգության գագաթաժողովը լինելու է նաեւ վերջինը, որին մասնակցելու է Բարաք Օբաման: Արդյո՞ք նոր ԱՄՆ-ի նախագահը, որն իր պարտականություններն է ստանձնելու 2017-ի հունվարին, կշարունակի ավանդույթը:

«Հույս ունեմ, նոր նախագահը գիտակցելու է միջուկային անվտանգության նշանակությունը Միացյալ Նահանգների համար», - ասում է Սպիտակ տան խոսնակը:

Գագաթաժողովի մեկ այլ, ավելի գլոբալ նպատակն է՝ ստեղծել այնպիսի համակարգ, որն ինքնուրույն ի վիճակի կլինի ապահովել միջուկային անվտանգությունն աշխարհով մեկ:

Այս նյութը դիտել են - 1448 անգամ