Ծառուկ Սարգսյան
Երեկ, հանդիպելով Արմավիրի մարզի խաղողագործների հետ, «Մուլտի գրուպ» ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է. «Իմ ասածը նա է, որ ինչպես ես եմ հասկանում ձեզ, դուք էլ ինձ հասկանաք, պադերժկա անեք, ոնց որ ես ձեզ»։ Ի՞նչ պադերժկա է ակնկալում քաղաքականությունից հեռացած Ծառուկյանը հայ գյուղացիությունից, որը խրված է պարտքերի և վարկերի տակ և հազիվ է պահպանում գոյությունը։
Եթե Ծառուկյանը հեռացած չլիներ քաղաքականությունից, կարելի էր մտածել, թե խոսքն ընտրությունների ժամանակ ԲՀԿ օգտին քվեարկելու մասին է։ Բայց արդյո՞ք Ծառուկյանն իր այս արտահայտությամբ քաղաքականություն վերադառնալու հայտ չի ներկայացնում, չի հայտարարում, թե պատրաստվում է մասնակցել 2017թ. խորհրդարանական ընտրություններին և ակնկալում է գյուղացիների աջակցությունը։
Ծառուկյանն անցյալ տարվա փետրվարին հեռացավ քաղաքականությունից, բայց դա պարտադրված քայլ էր։ Նա պարտադրված գնաց այդ քայլին, քանի որ վախեցավ հակադրվել նախագահ Սարգսյանին, որը կատեգորիկ պահանջեց, որ Ծառուկյանը դուրս գա ԲՀԿ-ից և հայտարարի իր քաղաքական գործունեության ավարտի մասին։ Բայց Ծառուկյանն ապրում էր Հայաստանի թագավոր դառնալու երազանքով, և այդ երազանքը մեկ օրում հօդս չցնդեց։
Ծառուկյանի հետ մտերմիկ շփում ունեցողները հավաստիացնում են, որ նա այնքան էր տարված այդ գաղափարով, որ չէր էլ թաքցնում, թե ուզում է բարի թագավոր դառնալ Հայաստանի համար, ու նույնիսկ հարցնում էր, թե իրենից լավ ով կարող է այդ գործն անել։ Ծառուկյանը հիմա էլ է համոզված, որ ինքը պետք է դառնա Հայաստանի հաջորդ նախագահը, սակայն սպասում է հարմար առիթի։
Թագավորական ամբիցիաներին ավելացել է նաև վիրավորանքը նախագահ Սարգսյանից։ Չնայած Ծառուկյանը չարձագանքեց «Ես էի արգելել նրան Դոդի Գագո անվանել» հայտարարությանը, բայց նույնիսկ ամենաանինքնասեր մարդն անգամ դա մեծ վիրավորանք կհամարեր իր համար, էլ ուր մնաց մարդը, ով իրեն համարում է Հայաստանի թագավոր։
Ծառուկյանը համարում է, որ 2015թ. իր ամենամեծ սխալն այն էր, որ ինքը ժամանակից շուտ սկսեց հարձակումն իշխանության վրա, և խնդիր էր դրել պաշտոնանկ անել Սարգսյանին ու հեղափոխության արդյունքում վերցնել իշխանությունը։ Հիմա նա հասկացել է, որ պետք էր սպասել մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները, երբ իշխանության և ընդդիմության Ճամբարում իշխանության համար պայքարը կհասներ այնպիսի կուլմինացիայի, որ Սարգսյանը չի իմանա, թե որ կրակը մարի և ինչպես պահի արդեն ձեռքից գնացող իշխանությունը։ Հիմա նա մտածում է, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սարգսյանն այնքան է թուլացած լինելու, որ այլևս չի կարողանալու պայքարել իր դեմ։
Ծառուկյանը հատուկ պահեց պատգամավորական մանդատը, որպեսզի ցույց տա, որ չի պատրաստվում դուրս գալ խորհրդարանից, և 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ կցանկանար պահպանել պատգամավորական մանդատը։ Իսկ հիմա պատգամավոր դառնալու համար նա պարտադրված է մտնել որևէ կուսակցական ցուցակ։ ՀՀԿ նա չի մտնի, քանի որ այնտեղ են մարդիկ, ովքեր իրեն «հենց Դոդի Գագո», «օլիգոֆրեն» և այլ պիտակներ են կպցրել։
Չի բացառվում, որ Ծառուկյանը վերադառնա իր իսկ ստեղծած ԲՀԿ, իսկ դրա համար համապատասխան քաղաքական հիմնավորումներ անպայման կգտնվեն։ Այ, հենց այդ ժամանակ էլ Ծառուկյանին պետք կգա հայ գյուղացիների փոխադարձ «պադերժկան», որի մասին երեկ հայտարարեց Գագիկ Թագավորը։
Այս նյութը դիտել են - 1716 անգամ