Ես ոչ դիմական եմ, ոչ՝ ընդդիմական, ես իմական եմ, շառ ու փորձանքից հեռու...
2016-03-31 01:23:00

 

Ցուկին ասում է՝ ի՞նչ ես ջուրն առել բերանդ, մնացել, Հրազդանի քաղաքապետի ընտրության մասին մի բան գրիր։ 

Է՛հ, հե՛շտ է ասելը։ Էս քանի օրը Հրազդանում քաղաքապետի ընտրություն է, բա որ գրեմ, բռնեն, տանեն գցեն Հրազդանի փողոցային ջրափոսերի մեջ, Ցուկի, դու կգա՞ս, տեր կկանգնե՞ս։ Գիտեմ, որ՝ ոչ, բա էլ ի՞նչ գործ ունեմ։ Հարազդանցին թող այնքան իմաստություն ունենա, խելքը գլխին մի քաղաքապետ ընտրի, որ իր քաղաքի թեկուզ միայն ջրափոսերը լցնի, ա՛յ, այն ժամանակ կգրեմ էլ, կգովեմ էլ, Հրազդան հյուր էլ կգնամ։

Կամ էլ՝ Գորիսի մասին։ Տո, չէ, ինչ գործ ունեմ։ Սպասեմ, տեսնեմ, բարով-խերով Գասպարյան Վովան ի՞նչ կանի-չի անի, ես ո՞վ եմ, որ համարձակվեմ բան գրեմ, գորիսեցին ինքն իրեն չի կարողանում պաշտպանել, ինձ որտեղի՞ց կպաշտպանի։ Շառ ու փորձանքից որքան հեռու, այնքան՝ լավ։

Բայց դե, շատ հավանեցի մեր Կարմենի հարցազրույցը Վահրամ Բաղդասարյանի հետ։ Բաղդասարյանն ասում է , թե՝ ընդդիմադիրներն իրար հետ յոլա չեն գնում, մենք ենք ընկել մեջտեղները, որպես հաշտեցնող, ո՞վ է տեսել իշխանությունը հաշտեցնի ընդդիմության երկու թևերին։

Դե, արի ու մի ասա՝ BRAVO, իշխանություն։ Չէ, չեմ ասի, կասեն՝ ըհը, դարձել է իշխանական։ Բայց ես ոչ դիմական եմ, ոչ՝ ընդդիմական, ես իմական եմ, շառ ու փորձանքից հեռու։

Բայց սպասեք, էն ԲՀԿ-ի Նաիրա՞ն ինչու է երկու ոտքը կոշիկի մի թայի մեջ դրել ու կուսակցությունից Գևորգ Պետրոսյանին հեռացնելու հրամանի օրինակը չի տալիս տիրոջը, կարո՞ղ է վախենալու բան-ման ունի։

Չէէէէ, նա, որ էն օրը Ծառուկյան Գագիկի հետ առյուծի կա՜թ էր խմում, էլ ու՞մից կամ ինչի՞ց պետք է վախենա։ Բայց դե, մեծ աշխարհ է, ի՞նչ իմանամ, վախենալու բան գուցե թե ունենա՞, Գևորգն էլ կորած տղա չէ։ Այ մարդ, ասա, թե քո ի՞նչ գործն է, Նաիրան Ծառուկյանի հետ առյուծի կա՞թ է խմել, թե՞ թեյ։ Վաաաայ, ասացինք, շառ ու փորձանքից հեռու մնալ է պետք, չէ՞, էս անտեր ֆեյսբուքի ստատուսները հազար ուզող-չուզող են մանրադիտակով կարդում, ի՞նչ ես ընկել քո հետևից։

Ցուկի, խեկոք մնա։

Մելանյա Պետրոսյանցի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 1504 անգամ