Կոմպրոմատային պատերազմ....2016-03-31 02:38:00
Երեկ համացանցում տարածվեց ՊԵԿ աշխատակիցների անունից բաց նամակ ուղղված Սերժ Սարգսյանին, որտեղ խոսվում էր այն կոռուպցիոն սխեմաների մասին, որ ըստ ձայնագրության ՊԵԿ-ում գործել է այդ կառույցի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման շրջանում, նրա եղբորորոդու գլխավորությամբ, որը ղեկավարում է մաքսային վերահսկողական վարչությունը:
Ինչպես հայտնի է Գագիկ Խաչատրյանը իշխանական համակարգի կարկառուն դեմքերից է, բավականին վերջերս էլ ստացել էր «սուպերնախարարի» կարգավիճակ: Սակայն շաբաթներ առաջ Ֆինանսների նախարարությունից ՊԵԿ-ն անջատվեց:
ՊԵԿ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանը նշանակեց նախագահականի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին:
Վերջինիս նշանակումն ու դրան հաջորդած զարգացումները բավականին ուշագրավ էին: Նախ այն առումով, որ կառավարության կազմում տեղի ունեցող փոփոխություններից հետո նորանշանակ նախարարներին ներկայացնելու պատիվը վերապահվում էր վարչապետին:
Հովսեփյանին սակայն ենթականերին ներկայացրեց Սերժ Սարգսյանը:
Կառավարության նիստում, որին առաջին անգամ մասնակցում էր նաեւ նորանշանակ ՊԵԿ նախագահը Հովիկ Աբրահամյանի կողմից շնորհավորական խոսքի չարժանացավ, սա այն պարագայում, երբ նորանշանակ ցանկացած պաշտոնյանի ըստ ավանդույթի վարչապետը շնորհավորում է, «ձեռքի հետ էլ» մաղթում հաջողություն:
Միեւնույն ժամանակ մամուլում տեղեկությունները հակասական են՝ Հովսեփյանը Սերժ Սարգսյանի՞, թե Հովիկ Աբրահամյանի հավատարիմն է: Օրերս տեղեկություններ հրապարակվեցին, թե Հովհաննես Հովսեփյանը նոր կադրային նշանակումները կատարում է Հովիկ Աբրահամյանի եւ նրա որդու հետ համաձայնեցնելով:
Սա թերեւս քննարկման այլ թեմա է:
Հիմա համացանցում տարածված սկանդալային տեսանյութի մասին: Հասկանալի էր, որ այս կերպ փորձ է արվում թուլացնել Գագիկ Խաչատրյանի դիրքերը, սակայն «անհասկանալի» է, թե «քամին» որտեղից է փչում և ով է փորձում չեզոքացնել Գագիկ Խաչատրյանին:
Այս ամենը ոչ այլ ինչ քան կոմպրոմատային պատերազմ որակել հնարավոր չէ:
Իրավապահ մարմինները անելիքներ բնականաբար ունեն:
Անելիք ունի նաեւ Սերժ Սարգսյանը, ում եւ բաց նամակով դիմել էին ՊԵԿ աշխատակիցները:
Միեւնույն ժամանակ դժվար թե Գագիկ Խաչատրյանը միայնակ գործեր՝ առանց վերեւների հետ համաձայնության:
Նյութի աղբյուրը՝
Xnews.am
Այս նյութը դիտել են - 1639 անգամ