Այսօր լրատվական դաշտը ողողվել էր Աժ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի անունով: Բոլորն անխտիր դրա մասին էին գրում: Ի՞նչ էր եղել: Պարզվում է, որ անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 7-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ընթացքում դանակահարվել է Արսենյանի թիկնապահ Ավետիս Գալստյանը։
Ամեն ինչ սկսվել է փողոցային մի կռվից, որը նկատելով՝ Աժ պատգամավորն անտարբեր չի անցել, կանգնեցրել է ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել մի երիտասարդի գետնին տապալած ու դաժան ծեծի ենթարկող քառյակին։ Սակայն ագրեսիվ երիտասարդները, թողնելով իրենց «զոհին», անմիջապես թիրախավորել են պատգամավորին, հայհոյել նրան, որից հետո Արսենյանի օգնականը գործի է դրել բռունցքները։ Ծեծկռտուքի ընթացքում դանակահարել են թիկնապահին, որից հետո պատգամավորը ստիպված է եղել մեքենայից հանել իր զենքը։ Բարեբախտաբար, բանը կրակոցներին չի հասել, տեղ են հասել ոստիկանները, վնասազերծել են հանցագործներին:
Այս ամենը շատ հրաշալի է, շատ օրինակելի, շատ համարձակ: Կեցցե Արսենյանը: Ընդամենը մի փոքրիկ, աննշան դրվագ է մնում միայն հստակեցնել: Շատ հետաքրքիր է, թե ինչո՞ւ անցյալ տարվա աշնանը պատահած միջադեպի մասին հանկարծ այսօր հիշեցին և, որքան կարողացանք նկատել, ոչ առանց Գուրգեն Արսենյանի օգնությամբ:
Ո՞րն էր այդ երկարատև լռության պատճառը, և ո՞րն էր այս անսպասելի անկեղծացման շարժառիթը: Ինչո՞ւ հանկարծ միայն հիմա անհրաժեշտություն առաջացավ մեջտեղ բերել հերոսական արարքի մանրամասները, եթե դրա մասին կարելի էր պատմել հենց նույն օրը՝ 2015-ի սեպտեմբերին, ինչպես որ բոլոր նմանատիպ դեպքերի մասին է ոստիկանությունն օպերատիվորեն հաղորդում, իսկ Շամշյանն էլ նույն օպերատիվությամբ լուսանկարներ է տարածում արյունոտ դեպքի վայրից: Միգուցե նախաքննությունն ավարտված չէր, դրա համար էլ չէին բարձրաձայնում դեպքի մասի՞ն:
Եթե դա այդպես է, ապա ի՞նչ կապ ունի նախաքննության հետ համացանցը, որտեղ նյութեր են հայտնվում, որոնց տարածողները թքած ունեն նախաքննության և բոլոր նորմերի վրա:
Սրա առնչությամբ հիմա միայն կռահումներ կարելի է անել: Իսկ մենք ընդամենը նկատենք, որ ներկայումս խիստ օպերատիվորեն իշխանամետ կայքերը ոչ միայն տարածեցին լուր, այլև դրան կցեցին մեկնաբանություններ, որոնք հնչում էին մոտավորապես այսպես. «Գուրգեն Արսենյանն իր պահվածքով և գործողություններով բարձրացրեց խորհրդարանի հեղինակությունը... Նրա պահվածքն իսկապես հայ տղամարդու և պատասխանատվության զգացում ունեցող քաղաքացու պահվածք էր»:
Նման տողեր կարդալուց հետո հուզմունքը անմիջապես խեղդում է և ակամա մի հարց է ծնվում. Արսենյանին ազգային հերոսի կոչում ե՞րբ կտան:
Թեպետ այս պատմության բազում արձագանքներից մեկը բացարձակ ճշմարիտ է: Իսկապես Գուրգեն Արսենյանի արարքը պատիվ բերեց ՀՀ Ազգային ժողովին: Ի տարբերություն նրա կոլեգաների` Շմայս բռնաբարի, Կարամելի Հարութի, Յուվեցի Կարոյի և այլոց արարքների, Արսենյանինը սխրանք էր: Գոնե այն պատճառով, որ խուլիգանություն չէր...
Այս նյութը դիտել են - 1292 անգամ