Գագիկ Խաչատրյանի դեմ կոմպրոմատների գրոհն արդեն սկսված է, և եկել է նրանից ազատվելու ժամանակը...2016-03-31 13:43:00
Համացանցում տարածվել է սկանդալային մի տեսանյութ ու բաց նամակ՝ ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ ներկայացվում են խայտառակ փաստեր՝ պետեկամուտների ոլորտում իրականացված հանցավոր չարաշահումների վերաբերյալ: Նամակում նշվում է, որ ՊԵԿ-ում գործել է մաքսային պակետները տնօրինող հանցավոր խումբ, որը ստեղծվել է ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի կողմից և ղեկավարվել նրա եղբորորդու՝ մաքսային վերահսկողական վարչության պետ Կարեն Խաչատրյանի կողմից:
Նամակագիրները ներկայացրել են ամբողջական հանցավոր շղթան, թե ովքեր են ներգրավված այդ գործընթացում, թե ինչպես են Չինաստանից, Թուրքիայից և Արաբական էմիրություններից ներմուծված ապրանքները մաքսազերծվել չնչին գումարներով, իսկ իրականում գործարարներից գրպանվել են խոշոր գումարներ, որոնք, սակայն, պետական բյուջե չեն մտել: Նախագահին առաջարկվում է՝ ստուգումներով պարզել այս փաստերի իսկությունը, իսկ ԶԼՄ ներկայացուցիչներից ակնկալվում է աջակցություն:
Որպես մտահոգություն նշվում է նաև, որ ֆինանսների նախարարությունից ՊԵԿ-ի տարանջատումից և նոր ղեկավարի նշանակումից հետո եղած զարգացումները հանգում են նրան, որ պետության ղեկավարությունը կաշառակեր է դիտում համակարգի բոլոր առանցքային պաշտոնյաներին՝ համարելով, որ նրանցից պետք է ազատվել, այնինչ կոռուպցիոն սխեմաներից օգտվել են ոչ բոլորը, այլ սահմանափակ թվով անձինք:
Այն, որ Հայաստանի պետական ֆինանսական համակարգում մեծ չարաշահումներ են կատարվում, դրանում թերևս ոչ ոք չի կասկածում:
Պարզ է նաև, որ կոռուպցիոն ավարը բաժին է հասնում վերին օղակներին: Բայց, որ պետական մակարդակով կազմավորվել են հանցախմբեր, և պետական ապարատը ծառայել է այդ հանցախմբին, սա արդեն, մեղմ ասած, չափազանցություն է, և համապատասխան մարմինները պարտավոր են հանրությանը բացատրություն տալ այս առնչությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը պետեկամուտների նոր նախագահ Հովհաննես Հովսեփյանին ներկայացնելիս հայտարարեց, որ համակարգում չարաշահումների նվազեցումը և արդյունավետ աշխատանքը ազգային անվտանգության կարևորություն ունեն: Ըստ էության, նախագահն արդեն տեղեկացված էր հանցավոր չարաշահումների մասին և սեփական վերահսկողական ծառայության երկարամյա ղեկավարի գործողումը ՊԵԿ հենց այս համատեքստում արված քայլ էր:
Ուշագրավ է սակայն, որ անանուն բաց նամակի հետևում թաքնված մարդիկ փորձում են ներկայացնել մի հանցագործություն, որի մասին փաստորեն իրենք քաջատեղյակ լինելով՝ լռել են, ավելին՝ լուռ հնազանդվել ու կատարել են: Բայց պետությունը հանցավոր խմբից տարբերվում է նրանով, որ պետական ծառայողը, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, իրավասու է վերադասի կողմից տրված անօրինական հանձնարարականը չկատարել՝ այդ մասին իրազեկելով ավելի վերադասին: Հայաստանի պարագայում օրենքի այս պահանջի կատարման տեսանկյունից իրատեսական չէ, սակայն ամեն դեպքում հանցավոր հանձնարարականի կատարումը ցանկացած պաշտոնյայի դարձնում է մեղսակից՝ անկախ նրանից, թե ով ինչքանով է օգտվում կերակրատաշտակից:
Բացի այդ՝ նամակում նշվում է, որ ՊԵԿ-ի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին զբաղեցրել է մաքսային վերահսկողական վարչության պետի պաշտոնը, ով ղեկավարել է ֆինանսական ողջ մեքենայությունները: Օրենքով արգելվում է պատասխանատու պաշտոններ զբաղեցնել մերձավոր հարազատի ուղղակի ենթակայությամբ:
Այսինքն՝ Կարեն Խաչատրանը իրավունք չուներ զբաղվել Գագիկ Խաչատրյանի գլխավորած կառույցի մաքսային վերահսկողական վարչության պետի պաշտոնը:
Այստեղ օրենքի խախտում կա, և դա հատուկ ծառայությունները պարտավոր էին արձանագրել: Ենթադրել, թե այդ նշանակումից ավելի բարձր ատյաններում տեղյակ չեն եղել, ու Գագիկ Խաչատրյանին հաջողվել է իր ազգակցական կապը ծածուկ պահել, լուրջ չի լինի: Ակնհայտ է նաև, որ Գագիկ Խաչատրյանը միայնակ, առանց ամենաբարձր ատյանների գիտության, չէր կարող այս ողջ զեղծարարությունները կատարել: Ուրեմն պետք է հասկանալ, թե ինչու է հենց հիմա այս խնդիրը բարձրաձայնվում, և ում է այն ձեռնտու:
Այստեղ իհարկե կարող են լինել մի քանի հնարավոր տարբերակներ՝
ՊԵԿ-ի նոր նախագահը համակարգում սկսել է մաքրումներ, ու բոլոր հին ու նոր պաշտոնյաները, այդ թվում նաև կաշառակեր, կանխազգալով, որ իրենց վերջը եկել է, առաջնորդվել են ինքնապաշտպանության պարզ բնազդով:
Հայաստանի պետական կոնյուկտուրայի պայմաններում այսպիսի բովանդակությամբ նամակներ, թեկուզ անանուն, առանց հզոր ձեռքերի աջակցության, որպես կանոն, չեն հրապարակվում:
Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Գագիկ Խաչատրյանի դեմ կոմպրոմատների գրոհն արդեն սկսված է, և եկել է նրանից ազատվելու ժամանակը:
ՊԵԿ-ը ավանդաբար եղել է այն ոլորտը, որտեղ ստվերային եկամուտներն ու գումարների շրջանառությունը ակնհայտ է եղել: Եթե այստեղ կոմպրոմատների գրոհ է սկսվել, կնշանակի կա՛մ նախապես սահմանված խաղի կանոնները չեն պահպանվել, կա՛մ էլ գումարները բաժանելու հարցում պայմանավորվածությունները չեն պահվել:
Բայց այս դեպքում պետք է հասկանալ, որ եթե գողությունը արտոնված է լինում, ապա ազնիվ պայմանավորվածության մասին խոսք լինել չի կարող: Կիսով չափ անբարոյական չեն լինում. եթե անբարոյական են, ուրեմն բնական է այն ամենը, ինչ կա:
Ամեն դեպքում, սպասենք հետաքրքիր զարգացումների՝ ակնհայտ է, որ կոմպրոմատների պատերազմը դեռ շատ ջուր է վերցնելու:
Կարինե Սարիբեկյան
hayeli.am
Այս նյութը դիտել են - 1751 անգամ