Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը, լսելով, որ նամակ է գրված իր մասին, բացարձակապես չզարմացավ...2016-03-31 16:38:00
«Որտե՞ղ եք տեսել, որ արաբական շեյխը 11 հազար դրամանոց հարսանիք անի». Ախուրյանի գյուղապետ Օրերս Aravot.am-ին նամակ էր հասցեագրվել, որտեղ ներկայացնելով Ախուրյանի դաշնակցական գյուղապետ Արծրուն Իգիթյանին, նշվել էր, որ գյուղում ամենաշքեղ շինությունները պատկանում են հենց նրան: Նամակում մասնավորապես գրված է. «Անհամար հարստություն է դիզել, իսկ շատ վերջերս այնպիսի մի հարսանիք է արել իր տղայի համար, որ պատմում են ու պատմում…
Կարելի է ասել` միայն արաբական շեյխը կարող էր իրեն թույլ տալ այդպիսի շռայլություն և ճոխություն: Եվ դա այն պարագայում, որ Ախուրյանում փողոցների ասֆալտը փռվել է 1988-ից առաջ: Համայնք, ուր բնակչության մեծամասնությունը գործազուրկ է, կիսասոված և հիասթափված: Շարունակ արտագաղթում են, լքում իրենց ծննդավայրը:
Փոքրիկ Ախուրյանում նույնիսկ ամենակենտրոնական փողոցները խայտառակ վիճակում են»: Նաեւ անդրադարձել էին գյուղապետի կուսակցական գործունեությանը՝ քննադատելով, որ նա անդամագրված է մի կուսակցության մեջ, բայց իրականում աշխատում է մեկ այլ կուսակցության համար, նախկինում ՀՀՇ-ական է եղել: Aravot.am-ը նախքան գյուղապետից պարզաբանումներ ստանալը փորձեց ճշտել, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում մատնանշվածը, ի՞նչ ունեցվածք ունի գյուղապետը ու ի՞նչ վիճակում են Ախուրյանի փողոցները:
Մենք պարզեցինք, որ Արծրուն Իգիթյանը գյուղում ունի երկհարկանի սեփական տուն, որ առաջին հարկը որպես մթերային խանութ է օգտագործվել, այնուհետ այն փակել են՝ փոխարենը բացելով հուշանվերների խանութ: Գյուղապետն ունի հողամասեր, որից մոտ 30 հեկտարը իր անունով, մյուս 30 հեկտարն այլ մարդկանց անուններով: Արծրուն Իգիթյանի ընտանիքը զբաղվում է նաեւ ավտոտեխսպասարկմամբ: Իսկ Ախուրյանի փողոցներն իրոք բարեկարգվելու կարիք ունեն, կենտրոնական փողոցը քիչ թե շատ բարեկարգ է, սակայն նույնը հնարավոր չէ ասել Գերմանահարավսլավական թաղամասի կամ 1-ին դպրոցի դիմացի փողոցի մասին: Սրանք երկուսն էլ կենտրոնական վայրերում են:
Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը, լսելով, որ նամակ է գրված իր մասին, բացարձակապես չզարմացավ, ընդհակառակն ասաց. «Մի բան էլ ուշացրել են իմ մասին նամակ գրելը, դուք չգիտե՞ք, որ ընտրություններն են մոտենում, իսկ ընտրություններից առաջ, որպես կանոն, միշտ նման զրպարտչական բնույթի նամակներ ուղղվում են թե՛ խմբագրություններ, թե՛ դատախազություն, թե՛ ոստիկանություն, թե՛ նախագահին ու վարչապետին:
Սկսեմ որդուս հարսանիքից, ես մինուճար որդի ունեմ, ես էլ երկար տարիների գյուղապետ, տարիքով շրջապատի մարդ, իրավունք չունե՞մ հարսանիք անել: Հյուրերը եղել են 400 հոգի, որդուս հարսանիքը արել ենք Գյումրու «Տիգրան Մեծ» ռեստորանում, որի դահլիճը 400-ից ավելի մարդ չի տեղավորում: Հրավիրված են եղել 40 գյուղապետեր, իմ ընկերները, մարզպետարանից հյուրեր: Նորից եմ կրկնում, ես 20 տարվա գյուղապետ եմ, մեծ շրջապատով մարդ եմ, բոլորի հարսանիքներին մասնակցել եմ, հիմա այս մարդկանցից ում ասեի՝ մի եկեք:
Բայց կա պարզ թվաբանություն. ամեն մի տեղը ռեստորանում արժե 11 հազար դրամ, թող հաշվարկ անեն, 11 հազարը բազմապատկեն 200-ով, հյուրերի ծախսը կիսենք, երաժիշտները եղել են տղայիս ընկերները, երգիչ Մուրադ Մալխասյանին մի հատ հարցրեք՝ ինձանից փող վերցրե՞լ է երգելու համար: Օղին նվիրել է ընկերներիցս մեկը, հետը բերել է Ռուսաստանից, խավիարն ու ձուկն էլ բերել է մյուս ընկերս՝ դարձյալ Ռուսաստանից: Որ հաշվարկ ես անում, դառնում է ամենասովորական հարսանիքներից մեկը, էդ ի՞նչ կար սեղանին արտասովոր, որ նամակներ են գրում: Ես կասեմ, որ շարքային սովորական հարսանիք է, եթե մի քանի փուչիկ ենք կպցրել մեր դռանը, դա էլ չանե՞նք հա:
Թող հաշվեն՝ ծա՞խսն է շատ, թե՞ նվեր ստացած գումարը: Տղաս էլ 50 հազար դրամանոց կոստյում է հագել, 15 հազար դրամանոց էլ վերնաշապիկ: Ես ինքս էլ երբեք թանկարժեք կոստյումներ չեմ հագնում: Ինչ մնում է իմ ունեցվածքին, ափսոս հենց այս պահին Ախուրյանում չեմ, որ գամ ձեզ ցույց տամ իմ տունը ու նաեւ ավագանու անդամների ու մյուս մարդկանց տները, որպեսզի համոզվեք՝ ինչ պայմաններում եմ ապրում: Տունս մեծ չէ, սովորական տան չափսեր են, տղաս հող է մշակում. մի քանի հեկտար հող ունենք, չարչարվում է, կարող եք հետաքրքրվել, թե ի՞նչ դաստիարակություն ունի տղաս:
Իսկ իմ սեփական տունը վարկով է սարքած. 15 տարի է տեւել, մինչեւ որ սարքել եմ, վերջում 8 տարով վարկ վերցրեցի: Եթե ես միլիոններ եմ դիզել, ինչո՞ւ պիտի 8 միլիոն վարկ վերցնեմ, բայց հետո 15 միլիոն հետ վճարեմ բանկին, տոկոսների մասին է խոսքս, 4 տարի է վճարում ու վճարում եմ: Այլ վարկեր էլ ունեմ վերցրած, անհարմար չեմ էլ զգա, որ բոլոր փաստաթղթերը ցույց տամ մամուլին:
Գիտեք, ես այն անձը չեմ, որ թույլ չտամ մարդիկ կողքբոլորը բիզնես բացեն, բոլորը խանութներ բացեցին, ես ստիպված իմ մթերային խանութը փակեցի: Իսկ ինչ վերաբերում է ավտոտեխսպասարկման կետին, ընկերոջս է դա պատկանում, նա ՌԴ-ում է ապրում, ինքն է կառուցել, տղաս այդտեղ է աշխատում, իհարկե նրան նորմալ վճարում են, բոլոր փաստաթղթերը կան»: Ախուրյանի փողոցների հետ կապված էլ Արծրուն Իգիթյանն ասաց, որ կենտրոնական փողոցի վրա անցած տարի գործ են արել փոսալցման աշխատանքներ են կատարել, այս տարի մրցույթ են հայտարարելու, փողոցների ասֆալտապատումը շարունակելու են:
Գյուղապետի թվարկմամբ, իրենք կառուցել են Նոր Ախուրյան գնացող ճանապարհի 380 գծամետրը, Ախուրյանից դեպի Արեւիկ տանող ճանապարհի 200 մետրը, այդ նույն ճանապարհի 450 մետրը կառուցվել է մարզպետարանի հրատապ ծրագրով, այս տարի կավարտեն դեպի գերեզմաններ տանող ճանապարհի վերանորոգումը, դեպի ոստիկանություն տանող ճանապարհահատվածն են կառուցել: Մեր դիտարկմանը, թե Ախուրյանում այդուհանդերձ կա այդ խնդիրը, նորմալ վիճակում չեն փողոցները, գյուղապետն ասաց. «Իսկ Գյումրիում իդեալական վիճա՞կ է, մենք ամեն տարի ասֆալտապատման տարածքն ավելացնում ենք, եղածն էլ պահպանում:
Թող նամակ գրողները չմոռանան, որ ես ակտիվ գյուղապետ եմ, անշուք գյուղապետերից չեմ, անընդհատ վազքի մեջ եմ, միշտ ծրագրեր եմ բերում գյուղ. իմ գնումները թափանցիկ են: Կասեք՝ ո՞ր համայնքն է իր սպորտդպրոցից Եվրոպայի չեմպիոն տալիս: Ախուրյանը Շիրակի մարզում միակ համայնքն է, որը ծրագրային բյուջեով է աշխատում, ճանաչվեց լավագույն մարզական համայնք, 2014 թվականին լավագույն գյուղական համայնք»:
Գյուղապետը նաեւ նշեց, որ ինքը 3 մանկապարտեզ է պահում, որտեղ ի տարբերություն Գյումրիի ու այլ տարածքների, ամսավճարը շատ ցածր է՝ 3 հազար դրամ, այսինքն` երեխայից գանձում են միայն սննդի վարձ, էլեկտրաէներգիայի, ջեռուցման ծախսերը, աշխատավարձը համայնքային բյուջեից է. հաճախում են 360 երեխաներ, կա 10 խումբ:
Մենք նաեւ ճշտեցինք, որ մանկապարտեզները ձմռան ամիսներին նորմալ աշխատում են: Ախուրյանում համայնքային բյուջեի հաշվին գործում են երկու մարզադպրոց, արվեստի դպրոց՝ ապահովված ամեն ինչով:
Իսկ ինչ մնում է ՀՅԴ –ի մեջ լինելով՝ այլ կուսակցության համար աշխատելու իր հասցեին հնչեցրած մեղադրանքին, գյուղապետը հիշեցնում է. «Թող իմ չափ որեւէ մեկը ընտրությունների ժամանակ Դաշնակցության օգտին ձայն բերի. տոկոսային հարաբերությամբ ամեն ԱԺ ընտրություններին 30 տոկոս ձայն եմ բերել Դաշնակցությանը, խնդրում եմ համեմատեք Գյումրիում հավաքած ձայների հետ:
Ես այնքան ուրախ եմ, որ ռեյտինգային ընտրություններ պետք է լինեն, այդ դեպքում պարզ կդառնա, թե ով ինչ հեղինակություն ունի:
Ես կասեմ, որ նվիրված դաշնակցական եմ, բոլորն էլ համոզվել են»,-ասաց Արծրուն Իգիթյանը:
Նշենք, որ ՀՅԴ-ն նրա թեկնածությունը նույնպես առաջադրած է եղել Շիրակի մարզպետի պաշտոնում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Այս նյութը դիտել են - 1676 անգամ