«Ձեզ ենք կասկածելու». Քոչարյանի ու Բախշյանի զրույցը՝ Հոկտեմբերի 27-ից հետո ...
2016-03-31 20:37:00

Ռոբերտ Քոչարյանն իր տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ գնացել է Յուրի Բախշյանենց տուն՝ ցավակցելու, մխիթարելու ու զրույց են ունեցել՝ Հոկտեմբերի 27-ը բացահայտելու մասին:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, մի դրվագ պատմեց, թե ինչ են խոսել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ինքը՝ ոճրագործությունից 1 ամիս անց: Նոյեմբերի 27-ին Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ գնացել է Բախշյանենց տուն՝ ցավակցելու, մխիթարելու:

Շատ ջերմ խոսքեր են ասել, խորը ափսոսանք ու ցավակցություն հայտնել, ցույց տվել, թե կիսում են ցավը:

Տիկին Բախշյանի պատմելով՝ «Մեր տանն ինձ ասաց՝ ամեն ինչ անելու ենք, որ բացահայտվի, դրսից մասնագետներ ենք բերելու, փորձագետներ ենք բերելու, չգիտեմ էլ ինչեր ենք բերելու:

Այսպես խոստումներ տվեց:

Ես էլ շատ անմեղ ասացի՝ տեսե՛ք, եթե չբացահայտվի, ուրեմն ձեր վրա ենք կասկածելու:

Ինքը ասաց՝ գիտե՛մ:

Ես այդ պահին շատ չսեւեռվեցի դրա վրա, բայց հետագայում, այս ընթացքում անընդհատ հիշում եմ այդ մասին»:

Ըստ տիկին Բախշյանի, դատավարության ընթացքն ամբողջովին հաստատել է իր կասկածը. «Ինքը, չօգնելով Հոկտեմբերի 27-ը բացահայտելուն, հաստատեց, որ մենք իրեն մեղադրում ենք, մեղավոր ենք ճանաչում: Ինքը պետք է ամեն ինչ աներ, որ բացահայտեր, որ հասարակությանը ցույց տար, որ ինքը չի:

Բայց նա դա չարեց, իսկ շարունակությունը թող հասարակությունը որոշի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 
aravot.am

Այս նյութը դիտել են - 1386 անգամ