«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ապրիլի 17-ին նշանակված համայնքի ղեկավարի ընտրությունների քաղաքապետի թեկնածու, Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի ընտրական շտաբի բացման օրը քարոզչությամբ զբաղվողների թվում էին նաեւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը եւ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ): Միջոցառումը սկսվել է ժամը 16.00-ին, այսինքն՝ աշխատանքային ժամին:
Մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ին ենթակետն արգելում է քարոզչությամբ զբաղվել «պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ՝ պետական եւ համայնքային ծառայողներին…իրենց լիազորություններն իրականացնելիս»:
ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել նրա գնահատականը վերը բերված փաստի վերաբերյալ:
«Կարապետ Գուլոյանը ամսի 30-ից գտնվում է արձակուրդում եւ նա նշված միջոցառմանը սկզբունքորեն չի մասնակցել որպես մարզպետ, իսկ Արամ Հարությունյանը հանդիսանում է ոչ թե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, այլ նախ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձ եւ երկրորդը՝ նշված միջոցառմանը ներկայացել է ոչ որպես պետական մարմնի ներկայացուցիչ, այլ կուսակցական գործիչ»,- պատասխանեց Մուկուչյանը:
Նախ տեղեկացնենք, որ իրականում Կարապետ Գուլոյանը արձակուրդում չէ, չնայած, որ նա այդ մասին հայտարարել է:
Ի վերջո, Մուկուչյանը գոնե պետք է տեղյակ լինի, որ մարզպետի արձակուրդում գտնվելը ոչ թե հայտարարությունով, այլ ՀՀ վարչապետի որոշմամբ է լինում, որը տվյալ դեպքում գոյություն չունի (մենք փաստեր ունենք):
Երկրորդը՝ ի՞նչ է նշանակում, Արամ Հարությունյանը հայեցողական պաշտոն է զբաղեցնում, նույն մարզպետը եւս հայեցողական պաշտոն է:
Օրենքը հստակ սահմանում է, որ պետական պաշտոնյաները աշխատանքային ժամին իրենց գործով պետք է զբաղվեն, քանի որ դրա համար մեր` հարկատուների հաշվին վարձատրվում են:
Ավելին՝ օրենքն արգելում է չինովնիկին չարաշահել պաշտոնեական դիրքը: Այնպես որ, լավ կլինի, եթե Տիգրան Մուկուչյանն իր անմիջական պարտականություններով զբաղվի եւ ապահովի ԸՕ-ի միատեսակ կիրառումը, ոչ թե փորձի Գուլոյանի եւ Հարությունյանի համար «ալիբիներ» հորինել:
«Սիրուն չի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armlur.am