Գնացքից թռածների ժամանակը...
2016-04-01 14:25:00

 

Գնացքից թռածների ժամանակը

Քաղաքական ակտիվության և հատկապես նախընտրական ժամանակահատվածի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հանկարծ մոռացության փոշիներից դուրս են գալիս հնաբույր դեմքեր, որոնց հասարակությունը վաղուց դուրս էր գրել իր հիշողությունից: Բայց նրանք հայտնվում են ու պատրաստվում են մի վերջին անգամ փորձել իրենց բախտը կամ մասնակից դառնալ որևէ արկածախնդրության, այսինքն անել բաներ, ինչով զբաղվել են ողջ գիտակցական կյանքում:

 Ահա այդ պատճառով էլ երբ հայտնի դարձավ, որ վերակենդանանալ է ցանկանում ԱԺՄ-ն, մարդիկ նախ փորձեցին վերհիշել, թե դա ինչ բան է, իսկ երբ մտաբերեցին, զարմացած հարցրեցին իրար. «Իսկ դրա ի՞նչը պիտի կենդանանա»:


ԱԺՄ-ն պատմություն է կամ, լավագույն դեպքում մեկ մարդ՝ ներկայիս Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Եվ ուրեմն ակտիվանալ է ցանկանում հենց Մանուկյանը: Միայն թե ակտիվանալ ինչի՞ համար: Երկրի նախկին վարչապետը գերազանց գիտի, որ նա այսօր որևէ շանս չունի նշանակալի դերակատարման համար: Նրա այն գնացքը, որի մասին գրում էր, թե դրանից թռչելու ժամանակն է, շատ վաղուց է լքել կառամատույցը: Ուրեմն Մանուկյանն ինչու՞ է ցանկանում օր ծերության վազ տալ վագոնների ետևից, երբ ոտքերում ուժ չկա, իսկ թոքերում՝ շնչառություն:


Այսօր կա ներքին ինֆորմացիա այն մասին, որ կուսակցությունում ստեղծվել է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական խումբ, որը փորձում է բեկոր առ բեկոր կուսակցությունը հավաքել, ուժերը համալրել, ու երբ ստեղծվի հարմար առիթ՝ գա ժամանակը, սկսել ակտիվ քարոզարշավը: Ասում են, որ նույնիսկ կուսակցությունը, բարենպաստ իրավիճակի պարագայում, կարող է և ընտրությունների գնալ առանց որևիցե դաշինքի մաս կազմելու՝ միայնակ՝ դառնալով իրական այլընտրանք գործող ուժերին:


Սա, իհարկե, հեքիաթների ժանրից է: Իսկ առավել հավանական տարբերակն այն է, որ Վազգեն Մանուկյանը կստանձնի քաղաքական առավել ակտիվ խմբերին կազմաքանդելու պատվաբեր գործը: Ի վերջո նա պիտի վարձահատույց լինի այն բանի համար, որ ՀԽ նախագահ է: Իսկ երբ կկատարի հաջորդ հանձնարարությունը, դրա դիմաց էլ հետագայում կարող է իր համար ապահովել ևս մի անիմաստ, պարապ, մարդկանցից հեռու, բյուջեին մոտիկ պաշտոն:

shame.am 

Այս նյութը դիտել են - 1187 անգամ