Բնակիչները պատմում են` Կարեն Վարդանյանի դին հայտնաբերելու գիշերն ինչ են տեսել...2016-04-01 14:57:00
Երեւանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակից անհայտ կորած Կարեն Վարդանյանի դին հայտնաբերելուց հետո, այդ շենքի բնակիչները սարսափած են:
News.am-ի հետ զրույցում շենքի բնակիչներից շատերը նշեցին, որ իրենք գիշերը ժամը 5:00-ի սահմանում արթնացել են ոստիկանական մեքենաների ձայնից եւ մարդկանց աղմուկից եւ տեսել են` ինչպես են հարեւան ավտոտնակից հանում տղամարդու դիակ:
«Ես չեմ հասկանում մեր թաղը Կոլումբիա ՞ն է, որ ով ում սպանի` բերի էստեղ թաղի: Աղմուկից արթնացա, պատուհանից նայեցի տեսա մեքենաներ, ձեռնաշղթաներով քաղաքացիներ, հետո տեսա, որ ինչ-որ բան են փորում, դիակ են հանում: Պարզվում ա քաղաքացին, որը երկար ժամանակ է որոնվում էր ոստիկանության կողմից, մեր պատուհանի տակ թաղված էր: Էս ինչ է կատարվում Հայաստանում»,-ասաց Սիսակյան 22 շենքի բնակիչներից մեկը` նշելով, որ մարտի 17-ին հարեւանությամբ գտնվող ավտոտնակից տարօրինակ ձայներ չեն լսվել եւ ոչինչ չեն նկատել:
Սիսակյան 22-ի շենքի բնակիչները չէին ճանաչում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ, իրավաբան Կարեն Վարդանյանին սպանելու մեջ մեղադրվող Գեւորգ Զոհրաբյանին, որին պատկանում է այն ավտոտնակը, որտեղի գտել են փորձագետի դին:
Նշենք, որ Գեւորգ Զոհրաբյանը Կարեն Վարդանյանի հարեւանն է:
News.am-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոանիսյանը նշել էր, որ Գեւորգը չարաշահելով Կարենի վստահությունը նրա տունն իր անունով է գրանցել:
Դանիել Իոանիսյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ Կարեն Վարդանյանը 300 000 դրամի կալանք ուներ իր անունով, որպեսզի այն չտարածվի տան վրա, հարեւանը համոզել էր տունն իր անունով գրանցել, այնուհետեւ սպանել է նրան, որ խարդախությունը չբացահայտվի: Կարենին սպանելուց հետո Գեւորգը գնացել է նրա բնակարան եւ բնակարանից հանել Կարենի իրերը:
Դանիել Իոանիսյանի խոսքով, Կարեն Վարդանյանի սպանության գործով մյուս մեղադրյալը՝ 43-ամյա Արթուր Միհրանյանը, եղել է Գեւորգ Զոհրաբյանի «տաքսիստը»: Կարենից գողացած փողերով Գեւորգը երկու տաքսի էր գնել եւ Արթուրը նրա վարորդներից էր:
Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է:
Նշենք, որ Կարեն Վարդանյանը մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել: Ապրիլի 1-ին պարզվել է, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել եւ սպանել Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գեւորգ Զոհրաբյանին պատկանող Երեւանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է:
news.am
Այս նյութը դիտել են - 1307 անգամ