Վաշինգտոնում անցնող գագաթաժողովի ընթացքում Հայաստանը՝ Միացյալ Նահանգների եւ 25 այլ պետությունների հետ միասին համաձայնել է նախաձեռնել միջուկային անվտանգության պահպանման համար նախատեսված նոր միջոցառումների ընդունումը:
Մասնավորապես, նախատեսվում է միջուկային նյութերի հատուկ պաշտպանության ռեժիմ սահմանել, ինչպես նաեւ խստացնել միջուկային նյութերի հետ անմիջական գործ ունեցող մարդկանց ստուգման եւ հսկողության գործընթացը: Նոր միջոցառումների ամբողջ ցանկի իրականացումը ֆինանսավորելու է Միացյալ Նահանգները: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անցած գագաթաժողովին կրկին կարեւորել է միջուկային ահաբեկչության բացառման խնդիրը:
«Կասկած չկա, որ եթե այդ չարացած մարդկանց ձեռքն ընկնի միջուկային ռումբ, նրանք անկասկած կօգտագործեն այն՝ հնարավորին չափ ավելի մեծ թվով մարդկանց կյանք խլելու համար», - նշել է Օբաման:
Բարաք Օբամայի խոսքով, միջուկային անվտանգությունն այն կարեւորագույն խնդիրներից է, որն անհնար է ապահովել առանց մյուսների հետ սերտ համագործակցության: Միջուկային վտանգը պետք է բոլոր երկրների ղեկավարներին ստիպի մոռանալ գաղափարական եւ քաղաքական տարբերությունների մասին եւ համագործակցել միմյանց հետ՝ սեփական քաղաքացիների կյանքը փրկելու համար:
«Պլուտոնիումի նույնիսկ փոքր մասնիկ, ասենք, խնձորի չափ, կարող է սպանել եւ վիրավորել հարյուր հազարավոր անմեղ մարդկանց: Դրա օգտագործումը կլինի մարդասիրական, քաղաքական, տնտեսական եւ էկոլեգիական աղետ, որի ազդեցությունը կմնա դրանից տասնամյակներ անց: Նման աղետը կփոխի մեր աշխարհի կերպարը», - ասել է Օբաման:
Գագաթաժողովի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են ինչպես միջուկային անվտանգության ապահովմանը, այնպես էլ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Ամերիկյան կողմն ընդգծում է Հայաստանի կարեւոր դերը միջուկային անվտանգության ապահովման գործում, այդ թվում որպես Հարավային Կովկասում միակ պետության, որն ատոմակայան ունի իր տարածքում:
Գագաթաժողովի ավարտին ավելի քան հիսուն երկրների ղեկավարներ որոշեցին միջուկային անվտանգության համակարգ կառուցել, որի օգնությամբ աշխարհում հնարավոր կլինի ապահովել միջուկային նյութերի անվտանգության բարձր մակարդակը: